Արտգործնախարարը հանդիպել է ԵԱՀԿ-ի գալիք տարվա գործող նախագահին

Դեկտեմբերի 6-ին Կիևում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի 20-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար, 2014թ. ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուխգալտերի հետ։

Նախարարները, Հայաստանի ԱԳՆ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին առնչվող հարցեր և այդ համատեքստում ԵԱՀԿ գալիք նախագահության աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է նաև ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյերի հետ։ Այս հանդիպմանը հանգամանալից քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները։ Զրուցակիցները բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերը հիմնահարցի խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ, ընդգծել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քայլերի կարևորությունը։