ԱԺ-ում բարձրացվեց ռուսալեզու «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի հարցը

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Հայաստանում հեռարձակվող «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի հարցն այսօր բարձրացվեց նաև Ազգային Ժողով-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ:

Հիշեցնենք, անցած շաբաթ Հայաստանի կառավարության որոշմամբ պետբյուջեից 12 միլիոն դրամ հատկացվեց «Փի-Արտ» ՍՊԸ-ին, որպեսզի այն ռուսական «Իգրա Թի Վի» հեռուստաընկերությունից գնի «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստախաղի 1 տարվա արտոնագիրը և շարունակի մասնավոր «Արմենիա Թի-Վի»-ով հեռարձակել ռուսերենով լեզվով ընթացող այս խաղը:

«Ժառանգություն» խմբակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, հարց ուղղելով վարչապետ Տիգրան Սարգսյանին, արձանագրեց, որ կառավարությունը իր այս որոշումը բացատրել էր ինտելեկտուալ շարժումը Հայաստանում խրախուսելու ցանկությամբ: Խնդիրն այն է, որ կառավարությունը դա չի պայմանավորում հաղորդումը հայերեն լեզվով անցկացնելու պահանջով, նշեց Արզումանյանը:

«Այսօր Հայաստանում կա «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր», և ոչ ոքի մտքով չի անցել, որ դա բրիտանական անգլերենով անցկացնենք: Ինչո՞ւ դուք չեք պայմանավորել, որ այս խաղը տեղայնացվի և մի՞թե սա չի նշանակում, որ ձեր կարծիքով, հայերեն լեզվով հնարավոր չէ ինտելեկտուալ շարժում զարգացնել Հայաստանում և պետք է անպայման օտար ինչ-որ լեզվով», - ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Թեև հարցն ուղղված էր վարչապետին, դրան պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավար նախարար, «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» խաղի մասնակից Վաչե Գաբրիելյանը: Ըստ նրա, խաղը գոյություն ունի միջազգային ձևաչափով և մրցակցային է, բացի այդ, կան նաև ինտելեկտուալ շարժումը խրախուսող խաղեր, որոնք անցկացվում են հայերեն լեզվով:

«Կա միջազգային լիգա, և մեր հաղթողները մասնակցում են այդ միջազգային լիգային, որը տարբեր երկրներում է և այդ լիգայի աշխատանքային լեզուն ռուսերենն է», - պարզաբանեց Վաչե Գաբրիելյանը, - «Այդ տրամաբանությունից ելնելով խաղի այդ մի կտորը ընդամենը տեղի է ունենում այդպես, իսկ խաղի ավելի լայն զանգվածը, այսպես ասած՝ այսբերգը, որը ամբողջովին ջրի տակ է, ամբողջովին տեղի է ունենում մայրենի լեզվով՝ հայերեն»:

Խաղի ռուսերեն հեռարձակմամբ օրենքը չի խախտվում, ասում է Վաչե Գաբրիելյանը: Գործադիրի աշխատակազմի ղեկավար նախարարը հղում արեց նաև օրենքի այն կետին, որը թույլ է տալիս որոշակի հեռուստաժամ տրամադրել ազգային փոքրամասնություններին:

«Մենք ունենք եզդիներ, ունենք հրեաների կազմակերպություններ կան, որոնք կարող են դիմել և մեկ ժամ խնդրել ցանկացած հեռուստաընկերության նման հաղորդումներ», - հակադարձեց Ալեքսանդր Արզումանյանը, - «Հիմա ՈՒԵՖԱ-ի լեզուն էլ ֆրանսերենն է: Ռուբեն Հայրապետյանը ի՞նչ՝ ֆրանսերենի մեծ մասնագե՞տ է: Ի՞նչ կապ ունի՝ միջազգային լիգան ինչ լեզու է օգտագործում: Գնացեք դուրս՝ ռուսերեն խաղացեք, եկեք Հայաստան՝ մեր լեզվով խաղացեք»:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն էլ հետևյալ տպավորությունն էր ստացել կառավարության հետ վերջին մի քնաի հարցուպատասխաններից․ - «Տպավորություն եմ ստանում, որ կառավարությունը ոչ թե «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ», այսինքն՝ «Что? Где? Когда?» թիմ, այլ КВН-ի (ուրախների և հնարամիտների ակումբի) թիմ պետք է հանի և մասնակցի համապատասխան մրցույթների»:

Նկատենք, որ կառավարությունը աջակցում է հեռուստախաղին 2006 թվականից: