Ռուսաստանը «ամրապնդելու է իր դիրքերը Անդրկովկասում»

Your browser doesn’t support HTML5

Այսօր պետական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին կանգառը Գյումրիում էր, ուր նա իր հայ պաշտոնակից Սերժ Սարգսյանի հետ միասին մասնակցեց Հայ - ռուսական միջտարածաշրջանային համաժողովին:

Ռուսաստանի նախագահը Գյումրի ժամանեց մեկուկես ժամ ուշացումով: Օդանավակայանում նրան դիմավորեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Արարողությունը, սակայն, փակ էր լրագրողների համար:

Այնուհետև երկու նախագահները Գյումրիի դրամատիկական թատրոնում մասնակցեցին Հայ-ռուսական միջտարածաշրջանային երրորդ համաժողովին:

Իր ելույթում Սերժ Սարգյանը կարևորեց հայ-ռուսական դարավոր բարեկամությունը՝ նշելով այն տնտեսական առավելությունները, որ Հայաստանին կբերի անդամակցությունը Մաքսային միությանը:

«Անցել է ընդամենը երեք ամիս Մաքսային միություն մտնելու Հայաստանի մտադրության մասին հայտարարության պահից, սակայն արդեն կատարված է հսկայական աշխատանք: Ընդունված է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի համապատասխան որոշումը: Ստորագրված է Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև հուշագիր: Ստեղծված են քսաներկու աշխատանքային խմբեր, որոնք աշխատանքներ են տանում անհրաժեշտ միջոցառումների և օրենսդրական փոփոխությունների նախապատրաստման ուղղությամբ: Ընդ որում, այսօր արդեն համաձայնեցված են Հայաստանի նկատմամբ երկկողմ կարգով մի շարք կարևոր արտոնությունների և առավելությունների կիրառման մեխանիզմները, որոնք կիրառվում են Մաքսային միության երկրների միջև փոխհարաբերություններում», - ասաց Հայաստանի նախագահը:

Նա խոսեց նաև Հայաստանի մարզերի և Ռուսաստանի ռեգիոնների միջև համագործակցության մասին, ինչպես նաև ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակված Գյումրիում անցկացված միջոցառումների մասին:

Վլադիմիր Պուտինն իր ելույթում ընդգծեց այն տնտեսական առավելությունները, որ կստանա Հայաստանը Մաքսային միությանն անդամակցության շնորհիվ: Նա շեշտեց, որ «Ռուսաստանը չի հեռանալու Անդրկովկասից, առավել ամրապնդելու է այստեղ իր դիրքերը»:

«Մենք ամրապնդելու ենք մեր դիրքերն Անդկովկասում՝ հիմնվելով այն լավագույնի վրա, ինչ ժառանգել ենք մեր նախնիներից», - ասաց Պուտինը՝ արժանանալով ներկաների բուռն ծափահարություններին:

Ռուսաստանի նախագահն իր ելույթում նաև ասաց. - «Բազմակողմանի համագործակցության լայն հնարավորություններ են բացվում հետխորհրդային տարածքում ինտեգրացիոն կառույցներին միանալու Հայաստանի մտադրության հետ կապված: Նկատի ունեմ առաջին հերթին Մաքսային միությանը, միասնական տնտեսական տարածքին և հետագայում` ձևավորվող Եվրասիական տնտեսական միությանը: Հայ փորձագետները, մասնագետները, տնտեսագետները հանգամանորեն հաշվարկել են նման սերտ համատեղ աշխատանքի բոլոր դրական կողմերը, բոլոր առավելությունները այդ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում, և կատարել են իրենց ընտրությունը` հայ ժողովրդի և Հայաստանի ղեկավարության սուվերեն ընտրությունը: Բնականաբար, Ռուսաստանն ամեն բան կանի հայկական կողմի հետ այդ համագործակցությունը պաշտպանելու ուղղությամբ: Մենք Հայաստանը դիտարկում ենք որպես այդ ինտեգրման լիիրավ մասնակից»:

Այնուհետև երկու նախագահներ այցելեցին Գյումրիի Ամենափրկիչ եկեղեցու հարևանությամբ գտնվող Երկրաշարժի զոհերի հուշարձան, ինչից հետո պիտի այցելեն 102-րդ ռազմակայան:

Հավելենք, որ այսօր վաղ առավոտից Գյումրիում փակ էին գրեթե բոլոր փողոցները: Այս պահին էլ քաղաքում երթևեկությունը սահմանափակված է: