Սևանում ձկան և խեցգետնի որսը արգելվել է

Սևանա լիճ

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը հրաման է ստորագրել 2013-2014 թվականներին Սևանա լճում ձկան բնական վերարտադրության ժամանակահատվածում իրականացվող միջոցառումների վերաբերյալ: Հրամանով սիգ և իշխան ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում՝ այս տարվա դեկտեմբերի 5-ից մինչև դեկտեմբերի 25-ը դադարեցվել է Սևանա լճում և այնտեղ թափվող գետերում ձկան և խեցգետնի որսը:

Բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազկամերպությանը հանձնարարվել է շուրջօրյա շրջիկ հսկողություն իրականացնել լճի առափնյա տարածքում և գետաբերաններում, ինչպես նաև նախարարության բնապահպանական պետական տեսչության, ոստիկանության Գեղարքունիքի տարածքային բաժնի, Գեղարքունիքի մարզպետարանի և համայնքների ղեկավարների հետ կազմակերպել ստուգայցեր:

Բնապահպանական պետական տեսչությանը հանձնարարվել է վերահսկողական ստուգայցեր կազմակերպել Սևանա լիճը գոտևորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում և լիճ թափվող գետերի վրա:

Բնապահպանության նախարարությունը, Ոստիկանությունը և Գեղարքունիքի մարզպետարանը ստորագրել են որսի արգելման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ծրագիր: