Պետական այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի նախագահը

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների սեպտեմբերի 3-ի հանդիպումը Նովո-Օգարյովոյում

Սա Վլադիմիր Պուտինի՝ որպես Ռուսաստանի նախագահի, երրորդ այցն է Հայաստան:
Այսօր պետական այցով Հայաստան է ժամանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Առաջինը Պուտինը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ միասին այցելելու է, ինչպես Կրեմլի պաշտոնական կայքէջն է փոխանցում, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազա:

Գյումրիում երկու նախագահները մասնակցելու են նաև հայ - ռուսական միջտարածաշրջանային ֆորումի աշխատանքներին:

Այնուհետև Երևանում կանցնեն Պուտին - Սարգսյան պաշտոնական բանակցությունները: Օրակարգում են երկկողմ համագործակցության հետ կապված հարցեր, նախատեսված է, որ կստորագրվեն մի շարք փաստաթղթեր առևտրատնտեսական և մշակութային բնագավառներում համագործակցության վերաբերյալ:

Իսկ առանցքայինը բանակցություններում կլինեն Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության և Եվրասիական միության ստեղծմանը Հայաստանի մասնակցության հարցերը:

Ինչպես ռուսական աղբյուրներն են հայտնում, այսօր երեկոյան Պուտինը կմեկնի Հայաստանից, այսինքն՝ չի գիշերի ոչ Երևանում, ոչ էլ Գյումրիում, ինչպես չի գիշերել Բաքվում՝ այս տարվա օգոստոսին կատարած այցի ժամանակ:

Սա Վլադիմիր Պուտինի՝ որպես Ռուսաստանի նախագահի, երրորդ այցն է Հայաստան: 2001 թվականին Պուտինը Հայաստան էր այցելել պաշտոնական այցով, 2005-ին՝ աշխատանքային:

2008 և 2010 թվականներին Հայաստան է այցելել նաև Դմիտրի Մեդվեդևը, ընդ որում 2010-ին՝ պետական այցով: Մեդվեդևի պետական այցի շրջանակներում երկարաձգվեց Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը:

Թեև Հայաստանը Խորհրդային Միության փլուզումից հետո միշտ համարվել է Ռուսաստանի ամենահավատարիմ դաշնակիցներից մեկը, գոնե վերջին 13 տարիներին, այսինքն՝ Պուտինի և Մեդվեդևի նախագահության օրոք, ռուսաստանյան պետության ղեկավարների Հայաստան կատարած այցերը միշտ ժամանակի ու քանակի առումով համահունչ են եղել Ադրբեջան կատարած այցերին: Այլ հարց է, որ Հայաստանի նախագահները Ռուսաստան ավելի հաճախ են այցելել, քան իրենց ադրբեջանցի գործընկերը: