Ուկրաինացիները կրկին Անկախության հրապարակում են, գրավել են քաղաքապետարանի շենքը

Եվրաինտեգրացիային կողմ ուկրաինացիները կրկին մտել են Անկախության հրապարակ, չնայած դատարանի որոշմամբ արգելվել էր այդ տարածքում մինչև դեկտեմբերի 7-ը որևէ ակցիա անցկացնել՝ ամանորյա եղևնին տեղադրելու պատճառաբանությամբ։

«РБК-Украина»-ի տեղեկություններով Մայդանում ավելի քանի 120 հազար ցուցարար է հավաքվել։ Իսկ ընդդիմադիր «Батькивщина» կուսակցության ներկայացուցիչները պնդում են, որ մարդկանց թիվը հասնում է 500 հազարի։ Անկախության հրապարակում ցուցարարները պարբերաբար «հեղափոխություն» են վանկարկում։

Լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ ոստիկանները, որ մինչ այդ շրջափակել էին այդ տարածքը, ցուցարարների գալուն զուգահեռ լքել են այն։

Միաժամանակ ընդդիմադիր «Սվոբոդա» կուսակցության առաջնորդը հայտարարում է, որ իր կուսակիցները մտել են Կիևի քաղաքապետարանի շենքը։ Իսկ դեպի նախագահի նստավայր շարժվող ցուցարարներին ոստիկանները դիմավորել են խլացնող նռնակներով և արցունքաբեր գազով, այստեղ կարճատև բախում է տեղի ունեցել։

Նախագահ Վիկտոր Յանուկովիչը Կիևին մոտ գտնվող իր նստավայրում խորհրդակցություն է անցկացնում, և ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ ուժային կառույցների ղեկավարների հետ այս խորհրդակցությանը քննարկվում է արտակարգ դրություն մտցնելու հարցը։

Ուկրաինացի ցուցարարները պահանջում են արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել, նաև պահանջում են ներքին գործերի նախարարի հրաժարականը։ Բողոքի ակցիաներն այս երկրում, հիշեցնենք, սկսեցին, երբ իշխանությունները կասեցրեցին Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի շուրջ բոլոր աշխատանքները։

«Интерфакс»-ի փոխանցմամբ՝ այսօր ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոն ներողություն խնդրել ուկրաինացիներից՝ շաբաթ օրը ցուցարարների դեմ Անկախության հրապարակում անհամաչափ ուժի կիրառման համար։

Գլխավոր դատախազն էլ, «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության հաղորդմամբ, հայտարարել է, որ Անկախության հրապարակում տեղի ունեցած իրադարձությունների յուրաքանչյուր վայրկյանը, հատուկ ջոկատայինների գործողությունների հետ կապված, մանրազնին քննության է ենթարկվելու։ Գլխավոր դատախազը միևնույն ժամանակ ընդունել է, որ բողոքի ակցիայի մասնակիցները օրինական հիմքով էին գտնվում հրապարակում։

Մինչ Ուկրաինայում շարունակվում են բողոքի ակցիաները, նախագահ Վիկտոր Յանուկովիչը այսօր հայտարարություն է տարածել՝ վստահեցնելով, թե անելու է ամեն ինչ «արագացնելու Ուկրաինան Եվրամիությանը մոտեցնելու գործընթացը»։