Կենսաթոշակային օրենքի դեմ գանգատը ՍԴ ներկայացնելը ձգձգվում է

Your browser doesn’t support HTML5

Պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին վիճահարույց օրենքի դեմ պայքարող ակտիվիստները դժգոհ են օմբուդսմենից և ընդդիմությունից՝ Սահմանադրական դատարան դիմելը ձգձգելու համար:
Մոտ մեկ ամսից ուժի մեջ կմտնի պարտադիր կուտակային կենսաթոշակի մասին վիճահարույց օրենքը, որը տարածվում է 1974թ-ից հետո ծնված աշխատող մարդկանց վրա, որոնց թիվը հասնում է մոտ 270 հազարի:

Ընդդիմախոսները պնդում են, որ օրենքում հակասահմանադրական շատ կետեր կան:

«Ընդդեմ կենսաթոշակային 5 տոկոս պարտադիր վճարի» նախաձեռնության անդամները սպասում են Մարդու իրավունքների պաշտպանի կամ էլ խորհրդարանի ոչ իշխանական ուժերի միջնորդությանը՝ Սահմանադրական դատարան դիմում ներկայացնելու հարցում:

Նախաձեռնության անդամ, իրավաբան Մերի Խաչատրյանը առնվազն զարմանալի է համարում օմբուդսմենի գրասենյակի երկարատև լռությունը․ - «Միայն պատասխանվել է, որ հարցում են ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ պարզաբանումներներ ստանալու: Մեզ համար զարմանալի է, թե ի՞նչ պարզաբանում են ակնկալում, երբ ակնհայտ երևում են հակասահմանադրական դրույթները»:

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից պնդում են, որ պատրաստակամ են դիմել ՍԴ, սակայն դեռևս հիմնավոր փաստարկներ են փնտրում: Ըստ իրավական վերլուծության վարչության պետ Արամ Վարդևանյանի՝ այստեղ առերևույթ հակասահմանադրական նորմեր կան, այդուհանդերձ դրանք դեռևս բավարար չեն:

«Այսինքն, մենք ունենք մտահոգություններ, մենք նկատել ենք առերևույթ խնդրահարույց կարգավորումներ, սակայն դիմում ներկայացնելու համար այն պետք է լինի պատշաճ հիմնավորված», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Վարդևանյանը:

Օմբուդսմենի գրասենյակը ուշացնելու խնդիր չի տեսնում, քանի որ դեռ մեկ ամիս ժամանակ կա, իսկ եթե նույնիսկ օրենքը ուժի մեջ մտնի, Սահմանադրական դատարանը կարող է գործի քննության ընթացքում դրա կիրարկումը ժամանակավորապես կասեցնել:

Չեն շտապում նաև խորհրդարանի ոչ իշխանական ուժերը:

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս պահին ընդդիմադիրները քննարկում են հարցը հաջորդ շաբաթ մեկնարկող քառօրյայում արտահերթ քննարկման դնելու հնարավորությունը: Թեպետ օրենքի՝ ուժի մեջ մտնելուն քիչ ժամանակ է մնացել, այդուհանդերձ Սահմանադրական դատարան դիմելու շուրջ ևս ընդդիմադիրները համաձայնության չեն եկել: Ըստ Մինասյանի՝ այս պահին քննարկվում է, թե որն է առավել առաջնահերթ՝ ԱԺ-ով օրենքը մեկ տարով հետաձգե՞լը, արդեն այսօր ՍԴ դիմե՞լը, թե՞ այդուհանդերձ հանրաքվե նախաձեռնելը:

Եթե ո՛չ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը, ո՛չ էլ ՄԻՊ-ը չդիմի ՍԴ՝ օրենքը հակասահմանադրական և հակասոցիալական ճանաչելու համար, օրենքի դեմ պայքարող ակտիվիստները ստիպված են լինելու հույսը դնել սեփական ուժերի վրա: Առաջիկայում սպասվում է ավտոմեքենաների երթ՝ «Դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակին» գրառմամբ կպչուն թղթերով, պատրաստվում է նաև նամակ երկրի նախագահին, որը կուղեկցվի ցույցով և երթով:

«Շատ հնարավոր է՝ հունվարից հետո գնանք դատարան և դատավորին խնդրենք, որ տվյալ գործի քննությունը կասեցնի և անձամբ դիմի Սահմանադրական դատարան», - հավելում է Մերի Խաչատրյանը: