Պետբյուջեից 12 միլիոն հատկացվել է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ»-ի արտոնագրի համար

Հայաստանի կառավարության այսօրվա որոշմամբ պետական բյուջեից 12 միլիոն դրամ հատկացվեց «Փի-Արտ» ՍՊԸ-ին, որպեսզի այն ռուսական «Իգրա Թի Վի» հեռուստաընկերությունից գնի «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստախաղի 1 տարվա արտոնագիրը:

Կառավարության այս ուշագրավ որոշման նախագիծը գործադիրի այսօրվա նիստում ներկայացնում էր կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը, ում անմիջական ղեկավարը՝ նախարար Արմեն Աշոտյանը, բազմիցս է խաղացել հայաստանյան մասնավոր հեռուստաընկերություններից մեկով՝ «Արմենիա Թի-Վի»-ով հեռարձակվող և ռուսերենով ընթացող խաղին:

Նշենք, որ «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հեռուստախաղին բազմիցս մասնակցել են նաև Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը, փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը և այլ պաշտոնյաներ:

Ի դեպ, կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրված այս որոշման տեղեկանք-հիմնավորման մեջ գրված չէ, թե ինչու՞ պետք է ձեռք բերվի այդ հեռուստախաղի մեկ տարվա արտոնագիրը: Կառավարության նիստում վարչապետը միայն հետաքրքրվեց՝ «մեր թիմը ի՞նչ հաջողություններ ունի այդ բնագավառում»: Ինչին կառավարության անդամներն արձագանքեցին, թե քանի որ հաղորդումը դեռ չի ցուցադրվել, չեն կարող հարցին պատասխանել:

«Խաղը բավականին մեծ հեղինակություն ունի՝ ռեյտինգ, ունի ինտելեկտուալ շարժումը խրախուսելու [նպատակ], և բավականին խրախուսել է, որովհետև մեր թիմերը ոչ միայն Հայաստանում, նաև Հայաստանի տարածքից դուրս են բավականին ակտիվ մասնակցում ինտելեկտուալ խաղերին: Ունի նաև կրթական նշանակություն, խրախուսում է ավելի ընթերցանությունը, երեխայի մտահորիզոնի զարգացումը», - կառավարության նիստից հետո ասաց փոխնախարար Կարինե Հարությունյանը՝ պատասխանելով «Ազատության» հարցին՝ ինչքանո՞վ է նպատակահարմար 25 հազար դոլար հատկացնել պետական բյուջեի հաշվին խաղի լիցենզիա ձեռք բերել և դա ցուցադրել մասնավոր հեռուստաընկերությունում:

Հարցին, թե ի՞նչ կրթական նշանակություն կարող է ունենալ ռուսերեն լեզվով խաղի հեռարձակումը, փոխնախարարը պատասխանեց, թե հարցը պետք է խաղին մասնակցողներին և կառավարության մյուս անդամներին տալ: Կարինե Հարությունյանը հավելեց, թե՝ «ռուսերենի զարգացումը ևս կրթական նշանակություն ունի Հայաստանում, մենք չպետք է մոռանանք օտար լեզուների ուսուցումը, շատ կարևոր է Հայաստանի նման փոքր երկրում»:

«Ինչո՞ւ պետք է պետբյուջեով գումար հատկացվի, որպեսզի մասնավոր ընկերությամբ այդ խաղը ցուցադրվի, և ի՞նչ հիմունքներով է մասնավոր «Փի-Արտ» ընկերությունը ընտրվել», - հարցին էլ փոխնախարարն արձագանքեց․ - «Այդ հարցին ես չեմ կարող պատասխանել»:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը «Ազատության» հետ զրույցում հիշեցրեց նաև կառավարության նմանատիպ՝ աղմուկ հանած որոշումները․ 2009-ի փետրվարին՝ ֆինանսա-տնտեսական ճգնաժամի ընթացքում, Զորի Բալայանին մոտ 100 միլիոն դրամ տրամադրելը շուրջերկրյա ճանփորդության համար, 2010-ին 124 միլիոն դրամ հատկացվեց երկու զուգարան ձեռքբերելու նպատակով:

«Կառավարությունը հարկատուների վճարած գումարներին, այսինքն պետական բյուջեին, վերաբերվում է որպես սեփական հաշիվ: Տվյալ դեպքում իրենք օգտագործել են, իրենց կարծիքով, իրենց անձնական գումարը, որպեսզի գնան ինչ-որ խաղ խաղան», - մեկնաբանեց Հայկ Գևորգյանը: