Հպարտության պահ հայության համար. ամերիկյան դատարանի շենքը անվանակոչվել է նահանգապետ Դեքմեջյանի անունով

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր

Երկու նշանավոր ամերիկահայեր վերջերս արժանացել են բացառիկ պարգևների՝ հպարտության զգացում պարգևելով հայությանը իրենց իրագործումների համար:

Հուլիսին Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել էին, որ նոր ռազմանավերից մեկը կրելու է ԱՄՆ Դաշնային կառավարության ամենաբարձրաստիճան ամերիկահայ պաշտոնյա Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) անունը: Նա ութ տարի շարունակ ծառայել է Ջոն Քենեդու և Լինդոն Բ. Ջոնսոնի նախագահական վարչակազմում որպես ԱՄՆ բանակի նախարարի օգնական, բանակի նախարարի տեղակալ, պաշտպանության նախարարի օգնական, և վերջապես 1967 թվականին` ԱՄՆ ռազմածովային ուժերի նախարար:

Անցյալ շաբաթ Կալիֆորնիայի Լոնգ Բիչ քաղաքում Գերագույն դատարանի մի նոր շենք անվանակոչվեց նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անունով: 339 միլիոն դոլար արժողությամբ դատական համալիրի անվանակոչման արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին:

Նահանգապետ Դեքմեջյանը 28 տարի շարունակ պատվով ծառայել է Կալիֆորնիայի նահանգին: 1982 թվականին որպես նահանգապետ իր առաջին ընտրությունն աննշան առավելությամբ հաղթելուց հետո, նա համոզիչ հաղթանակով վերընտրվեց 1986 թվականին: Ավելի վաղ նա չորս տարի աշխատել էր որպես գլխավոր դատախազ (1979-83 թթ.), տասներկու տարի նահանգային սենատոր (1967-1979 թթ.) և Սենատի մեծամասնության առաջնորդ (1969 թ.), և չորս տարի նահանգի օրենսդիր մարմնի պատգամավոր (1963-67 թթ.): 1988 թվականին, այն ժամանակ փոխնախագահ և նախագահի թեկնածու Ջորջ Բուշ ավագը նահանգապետ Դեքմեջյանին նկատի էր ունեցել որպես փոխնախագահի հնարավոր թեկնածու: Սակայն, Դեքմեջյանը խնդրել էր իր անունը հանել քննարկումից, որպեսզի Կալիֆորնիան չթողնի դեմոկրատ փոխնահանգապետի ձեռքում: Եթե Դեքմեջյանը չհրաժարվեր և դառնար Հանրապետական կուսակցության փոխնախագահի թեկնածուն, նա այդ տարի կարող էր ընտրվել փոխնախագահ, նախագահ Բուշի հետ միասին: Հետագայում նա կարող էր առաջադրվել նախագահի պաշտոնում և դառնալ Միացյալ Նահանգների առաջին հայազգի նախագահը:

Նահանգապետին մեծարելու համար ավելի քան 500 պետական պաշտոնյաներ, նախկին գործընկերներ, բարեկամներ, ընտանիքի անդամներ և պատվավոր հյուրեր էին մասնակցում դատարանի շենքի անվանակոչման արարողությանը: Շնորհավորական ուղերձներով հանդես եկան Կալիֆորնիայի Գերագույն դատարանի, Լոս Անջելեսի շրջանային Գերագույն դատարանի, ԱՄՆ Կոնգրեսի, Նահանգային օրենսդիր պալատի, Լոս Անջելեսի շրջանային խորհրդի անդամները, Լոնգ Բիչի քաղաքապետը և Լոնգ Բիչի իրավաբանների ընկերակցությունը:

Ավելի քան 50 հազար քառակուսի մետր մակերես ունեցող Դեքմեջյանի անվան դատարանի շենքը ներառում է 31 դատական դահլիճներ, վարչական տարածքներ, կալանքի տակ պահելու տեղամասեր, շրջանի արդարադատության մարմինների գրասենյակներ և համատեղելի առևտրական տարածքներ: Շենքն աչքի է ընկնում անվտանգության և բնապահպանական վերջին նորամուծություններով ապահովված գործնական հանրային տարածքներով` բիզնեսի արդյունավետ վարման և ողջ շենքում մարդկանց տեղաշարժման համար:

Միմյանց հաջորդող բանախոսներն ընդգծեցին նահանգապետ Դեքմեջյանի կայուն ընտանեկան արժեքներն ու նրա հայկական ժառանգությունը: Կալիֆորնիայի գերագույն դատարանի դատավոր Մարվին Բաքստերը (Բաղդասարյան), որն աշխատել էր նահանգապետ Դեքմեջյանի մոտ որպես նշանակումների քարտուղար, իր ելույթում նշեց, որ նահանգապետը «1955 թվականին Նյու Յորքից տեղափոխվել է Կալիֆորնիա՝ զինված լինելով միայն իր իրավաբանական կրթությամբ և ամերիկահայ ներգաղթյալ ծնողների ներարկած բարձր սկզբունքներով…. Նա եղել է ականավոր օրենսդիր, գլխավոր դատախազ և նահանգապետ: Նա արժանացել է մեր հարգանքին ու պահպանել այն ավելի քան քառորդ դար ամենաբարձր մակարդակներում գերազանց հանրային ծառայության միջոցով»:

Նահանգապետ Դեքմեջյանը ծնունդով Նյու Յորքի Մենանդս գյուղից է. ծնողները նրան կնքել էին Գուրգեն անունով: Հայրը՝ Գուրգենը, Այնթափից էր, իսկ մայրը՝ Էլբիսը (Ալիս), Արաբկիրից:

Դատավոր Բաքստերը հիշեցրեց, որ Կալիֆորնիայի օրենսդրական խորհուրդը միաձայն քվեարկությամբ որոշել էր նոր շենքը կոչել որպես նահանգապետ Ջորջ Դեքմեջյանի անվան դատարանի շենք: «Այս որոշումն արտացոլում է զույգ կուսակցությունների հարգանքն ու աջակցությունը», որ նահանգապետը վայելում է «այս ամբողջ երկրի և նահանգի կողմից», հպարտությամբ հայտարարեց Բաքստերը:
Կալիֆորնիայի 35-րդ նահանգապետը երեկոյի վերջին ելույթ ունեցողն էր մինչ հուշատախտակի բացումը՝ շրջապատված կնոջ` Գլորիայի, երեխաների և թոռների կողմից:

«Այնքան շատ խմբեր են վարպետորեն միավորվել իրենց տաղանդով ու փորձով՝ դատարանի իսկապես արտակարգ նոր շենքը Լոնգ Բիչում կառուցելու համար», հայտարարեց նահանգապետ Դեքմեջյանը: «Սա բացառիկ համալրում է քաղաքի դիմագծին ու կառուցվածքին, և ես ուրախ եմ ու հպարտ, որ իմ անունը կապված է դրա հետ»: Նա անվանակոչության արարողությունն անվանեց «հրաշալի, հուզիչ և խոնարհեցնող դափնեպսակ իմ կյանքում և պետական ծառայության կարիերայում»:

Նահանգապետ Դեքմեջյանը զվարթ տրամադրությամբ ինքն իրեն թերագնահատող ելույթ ունեցավ՝ իր հանրահայտ «խարիզմայի բացակայության» և երկար ազգանվան մասին, որը երբեք չի մտածել փոխել կամ կրճատել: «Իմ միակ մտահոգությունն այն էր, որ իմ անունը չի տեղավորվի» դատարանի շենքի վրա, կատակեց նահանգապետը` զվարճացնելով ներկա գտնվող հյուրերին:

Կարելի է հուսալ, որ շուտով 85-ամյա նահանգապետն իր առաջին այցը կկատարի դեպի Հայաստան: Շատ կարևոր է, որ Հայրենիքում ապրող երիտասարդ սերունդը ճանաչի նրան որպես օրինակելի և ոգեշնչման ակնառու տիպար իրենց ապագա նվաճումների համար:


Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի