Իրանը և Արևմուտքը միջուկային ծրագրի շուրջ համաձայնության եկան

Շվեյցարիա -- Իրանի արտգործնախարար Մոհամադ Զարիֆը (ձախից երկրորդը) սեղմում է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի ձեռքը երկարատև բանակցությունների ավարտից հետո, 24 նոյեմբերի, 2013

Իրանի իշխանությունները ողջունում են «վեցնյակի» հետ ստորագրված միջուկային համաձայնագիրը, որով «ճանաչվում են Իրանի ատոմային ծրագիրը պահպանելու իրավունքները»։

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Ժնևում ստորագրված համաձայնագիրը հետագա առաջընթացի հիմքն է։

Նախագահ Հասան Ռոհանին ևս ողջունել է համաձայնագիրը՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ Իրանը միջուկային զենք ստեղծելու ճանապարհներ չի փնտրում։

Համաձայնագիրը, սակայն, խստորեն քննադատել է Իսրայելը։ Վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել է, որ դա «վատ համաձայնագիր է և Իրանին հնարավորություն է տալիս անել այն, ինչ այդ երկիրը ցանկանում է»։

Իրանի և աշխարհի վեց գերտերությունների՝ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև ընթացող հնգօրյա բանակցությունների դրական արդյունքի մասին հայտնի դարձավ այսօր վաղ առավոտյան։

ԱՄՆ-ի կառավարության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ Իրանը, մասնավորապես, համաձայնել է ուրանը չհարստացնել հինգ տոկոսից ավելի և վեց ամսվա ընթացքում «չեզոքացնել» մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները։ Փոխարենը Թեհրանին խոստացել են մասնակիորեն թուլացնել տնտեսական պատժամիջոցները։

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում Իրանի հետ հարաբերություններում հասել են ամենատեսանելի առաջընթացին։ Օբամայի խոսքով՝ առաջիկա ամիսներին անհրաժեշտ է գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ Իրանի հետ երկարաժամկետ համաձայնագիր ստորագրելու համար։