ՀԷՑ տասնյակ աշխատակիցներ որոշել են պայքարել իրենց իրավունքների համար

Your browser doesn’t support HTML5

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության Խոշոր սպառողների դեպարտամենտի ավելի քան չորս տասնյակ աշխատակիցների հայտնել են, որ նրանք ժամերի ընթացքում պետք է աշխատանքից ազատման դիմումներ գրեն, քանի որ դեպարտամենտը լուծարվում է:

Իրենց համար այսպես՝ անսպասելիորեն աշխատատեղերից զրկված մարդիկ այսօր բողոքի ակցիա էին անցկացնում «Հայաստանի էլեկտրական ցանցերի» (ՀԷՑ) կենտրոնական գրասենյակի դիմաց: Հենց նրանք էլ լրագրողներին պատմեցին, որ ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինը ուրբաթ օրը իր մոտ է հրավիրել դեպարտամենտի պետ Ռաֆիկ Ասկարյանին և նրան հայտնել դեպարտամենտի լուծարման մասին, այնուհետև պահանջել, որ դեպարտամենտի բոլոր աշխատակիցները՝ 41 հոգի, աշխատանքից ազատման դիմում գրեն:

«Իսկ ես նրան միանգամից ասացի՝ այդ ժողովուրդը [աշխատանքից ազատվող մասնագետները] ի՞նչ պետք է անեն: Բիբինը միանգամից պատասխանեց՝ եթե տեղ կունենանք հետագայում, իմաց կտանք, կգան՝ կընդունենք», - պատմեց Ռաֆիկ Ասկարյանը, ով նույնպես այսօր ընկերության կենտրոնակայանի մոտ էր՝ բողոքողների շարքում:

Երբ Ասկարյանը այդ խոսակցությունը փոխանցում է իր ենթականերին, վերջիններս ընդվզում են և դիմում գրելու փոխարեն որոշում պայքարել իրենց իրավունքների համար: Ընդ որում, երբ աշխատակիցները որոշում են բողոքի ակցիայի դուրս գալ, ըստ Ասկարյանի, իրեն է զանգահարում Բիբինը և իրեն ու ևս 15 հոգու խոստանում է աշխատանքի վերցել, եթե կանխեն ակցիան:

«Ես ասացի՝ ես դավաճան չեմ», - պատմում է դեպարտամենտի պետը:

Տեղեկացնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 2006թ․-ից պատկանում է ռուսաստանյան «ИНТЕР РАО ЕЭС» ՓԲԸ-ին, որի բաժնետերերից է նաև ռուսական պետությունը՝ ի դեմս «Росимущество» պետական գործակալության:

Այսօր ՀԵՑ-ի մոտ ակցիա անցկացնողները պահանջում էին հետ կանգնել դեպարտամենտը լուծարելու որոշումից և պահանջում էին Բիբինի հրաժարականը, ով, բողոքի ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցների գնահատմամբ, խախտել է Հայաստանի օրենքները, ընկերության հետ իրենց կնքած պայմանագրերի դրույթները և բազմաթիվ մարդկանց դարձնում է գործազուրկ:

Հավաքվածների առջև դուրս եկավ Բիբինը: Գլխավոր տնօրենը առաջարկեց նոր պայմանագրեր կնքել՝ պահպանելով մարդկանց աշխատավարձերը և պաշտոնները, սակայն վերջնական որոշումը կկայացվի երկու շաբաթ անց:

Ցուցարարները հակադարձեցին՝ չեն հավատում Բիբինին և նման կերպ տնօրենը ուղղակի փորձում է վերջ դնել բողոքի ակցիային, որպեսզի հետո՝ գալիք շաբաթներին, աստիճանաբար մարդկանց հեռացնի աշխատանքից: Մարդիկ պահանջում էին հրաժարվել որոշումից և չլուծարել իրենց դեպարտամենտը, ինչը կարող է երաշխիք հանդիսանալ, որ իրենք գործազուրկ չեն դառնա: Մոտ մեկ ժամ տևած բանավեճը ավարտվեց նրանով, որ Բիբինը բարձրացավ իր աշխատասենյակ, իսկ ցուցարարներին էլ գնացին իրենց դեպարտամենտ՝ վաղը բողոքի ակցիան կրկնելու մտադրությամբ:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանի ներկայացմամբ, եթե ընկերության տնօրենը, առանց նախօրոք գրավոր տեղյակ պահելու, պահանջել է մարդկանցից աշխատանքից ազատվելու դիմում գրել, դա միանշանակ հակաօրինական քայլ է:

«Որքան էլ տարօրինակ է, բայց այդ բարձրաստիճան պաշտոնյան շատ կոպիտ սխալ է թույլ տվել: Անգամ ես մտածում եմ, որ այդ սխալի մեջ կարող է կամայականությունը այնքան շատ լինել, որ կարող է նաև քրեական իրավունքի ոլորտ մտնել, որովհետև դա սահմանադրական իրավունք է և մենք ունենք աշխատանքային օրենսգիրք, որտեղ հստակ նշվում է, թե որ դեպքում գործատուն իրավունք ունի աշխատողին գործից ազատելու: Նա պարտավոր է առնվազն երկու ամիս առաջ տեղյակ պահել քաղաքացուն այդ մասին», - նշեց փաստաբանը:

Առողջապահության նախարարության Առողջապահական պետական տեսչության Աշխատանքային օրենսդրության վերահսկողության բաժնի պետ Վարազդատ Դանիելյանը այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ իրենք պատրաստ են քննել, թե արդյոք ՀԷՑ-ի աշխատակիցների իրավունքները ոտնահարվել ե՞ն, եթե քաղաքացիներից որևէ մեկը իրենց դիմում ներկայացնի: