Օֆշորային սկանդալի գործով փորձաքննության կենթարկվի վարչապետի ստորագրությունը

Դատաձեռագրաբանական փորձաքննությունը կպարզի՝ արդյոք Կիպրոսում գրանցված օֆոշորային ընկերության փաստաթղթերում առկա ստորագրությունները պատկանում են վարչապետ Տիգրան Սարգսյանին, արքեպիսկոպոս Նավասարդ Կճոյանին և հետախուզման մեջ գտնվող գործարար Աշոտ Սուքիասյանին:
Ինչպես այսօր «Ազատությանը» փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, իրավական օգնություն ցուցաբերելու միջնորդությամբ Հայաստանի ոստիկանությունը դիմել էր Կիպրոսի Հանրապետությանը և արդեն իսկ ստացվել են այդ երկրում գրանցված «Վլիսպերա հոլդինգին» ընկերության բաժնեմասերի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերի պատճեներում առկա ստորագրությունները: Պարզելու համար, թե արդյոք այդ ստորագրությունները պատկանո՞ւմ են Տիգրան Սարգսյանին, Սամվել Կճոյանին, Աշոտ Սուքիասյանին կամ այլ անձանց, այս տարվա նոյեմբերի 11-ին նշանակվել է դատաձեռագրաբանական փորձաքննություն:

Փորձաքննությունը կատարվելու է Հայաստանի Գիտությունների Ազգային ակադեմիայի Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ փորձագետների կողմից:

Հիշեցնենք, «Հետք» պարբերականը լրագրողական հետաքննության արդյունքում պարզել էր, որ Կիպրոսում գրանցված օֆշորային կազմակերպության բաժնետերեր են Հայաստանի վարչապետը, Արարատյան թեմի փոխանորդ արքեպիսկոպոս Կճոյանը և գործարար Աշոտ Սուքիասյանը: «Հետքը» նաև ծավալուն հոդված էր հրապարակել ներկայացնելով, թե ինչպես է այս անձանց պատկանող օֆշորային ընկերությունը յուրացրել է գործարար, «Հայաստան» հանրախանութի նախկին սեփականատեր Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը:

Վարչապետ Տիգրան Սարգսյանը պնդում է, թե ինքը որևէ կապ չունի այդ օֆշորային ընկերության հետ, և այս տարվա ամռանը տեղեկացրել էր Գլխավոր դատախազությանը, թե ինքը Կիպրոսում կամ որևէ այլ օֆշորում կազմակերպություն չի գրանցել և որևէ մեկին չի լիազորել իր անունից կազմակերպություն գրանցել: Վարչապետը խնդրել էր նաև քննության առնել «Հետք» պարբերականի հրապարակման մեջ տեղ գտած տեղեկատվությունը: Դատախազությունը, սակայն, քրեական գործ չէր հարուցել, վարչապետի դիմումը ուղարկել էր ոստիկանություն, որտեղ նույնպես քրեական գործ չէր հարուցվել․ վարչապետի դիմումը ուղղակի սկսել էին ուսումնասիրել դեռևս մեկ տարի առաջ գործարար Փայլակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում:

Մինչ ոստիկանությունը քննում էր այս գործը և հետախուզում գործարար Աշոտ Սուքիասյանին, վարչապետը սեփական հետաքննություն էր սկսել և այս տարվա հուլիսին դիմել էր կիպրոսյան իրավաբանական մի ընկերության: Վերջինս վարչապետի խնդրանքով հարցում է արել Կիպրոսի ձեռնարկությունների գրանցման պետական ռեգիստրին և պարզել, որ վարչապետի անունը իսկապես կա այդ օֆշորային ընկերության բաժնետերերի ցանկում, սակայն որևէ փաստաթղթի տակ Տիգրան Սարգսյանի ստորագրությունը չկա:

Ուշագրավ է, որ վարչապետի այս պարզաբանումը հակասության մեջ է մտնում ոստիկանության՝ այսօր մեզ տված տեղեկատվության հետ: Մասնավորապես, եթե մի քանի ամիս առաջ կիպրոսյան իրավաբանական ընկերությունը պարզել էր, որ վարչապետի ստորագրությունը չկա այդ փաստաթղթերում, ապա հարց է առաջանում՝ այժմ ոստիկանությունը ի՞նչ ստորագրություն է փորձաքննության ուղարկել: Կամ, եթե այդ ստորագրությունները եղել են, ապա ինչպե՞ս է ստացվել, որ վարչապետի խնդրանքով հարցում արած կիպրոսյան ընկերությունը դրանք չի հայտնաբերել: Այս հարցերն առայժմ անպատասխան են մնում: