ՀՀԿ-ի ներկայացուցիչը դրական է համարում հենց նախագահների հանդիպման փաստը

Սերժ Սարգսյանի (աջ) և Իլհամ Ալիևի (ձախ) վերջին հանդիպումը Սոչիում՝ Ռուսաստանի այն ժամանակվա նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ, 23-ը հունվարի, 2012

Իշխող Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը դրական է համարում արդեն այն, որ երկու տարվա դադարից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կրկին հանդիպում են։

Սերժ Սարգսյան- Իլհամ Ալիև հանդիպումը տեղի կունենա այսօր՝ Վիեննայում։ Վերջին անգամ նախագահները հանդիպել էին Սոչիում՝ 2012-ի հունվարին։

«Բանակցային գործընթացի շուրջ երկու տարի դադարից հետո նորից հանդիպում են երկու նախագահները։ Պետք է ասեմ, որ ակնկալիքներն այս պահի դրությամբ այն են, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում արհեստական խոչընդոտները, այն իրավիճակը, որ փորձում է ստեղծել ադրբեջանական կողմը, գոնե այս պահին հանդիպման ընթացքում կարելի է ինչ-որ տեղաշարժ ակնկալել՝ ընդամենը այն փաստի առիթվ, որ երկու նախագահները հանդիպում են։ Եվ մենք գիտենք, որ մոտ երկու տարի առաջ Ադրբեջանն էր, որ անսպասելիորեն 11-14 կետերից բաղկացած առաջարկություններով հանդես եկավ, դրանով տապելեց ամբողջ այս գործընթացը»,- «Ազատությանը» փոխանցեց Հովհաննես Սահակյանը։

Անդրադառնալով սահմանին հրադադարի ռեժիմի պարբերաբար խախտման դեպքերին՝ իշխող կուսակցության ներկայացուցիչը ասաց՝ պատերազմը ոչ մեկին պետք չէ։

«Պատերազմի մեջ մեղր չեն բաժանում։ Պետք է ասեմ, որ սրանով ադրբեջանական կողմը փորձում է ինչ-որ լարվածություն մտցնել, ներքին շուկայի սպառման համար ինչ-որ գործողություններ կատարել։ Եվ եթե հաշվի առնենք նախկինում իրենց փորձը կամ այն մտադրությունները, նենգ քայլերը, որոնք մշտապես իրականացրել է ադրբեջանական կողմը, հատկապես Սանկտ Պետերբուրգում հանդիպումից հետո այն դիվերսիան, որ կազմակերպեցին, ես կարծում եմ՝ այս պահի դրությամբ պետք է ավելի զգոն լինենք, և ես վստահ եմ, որ ադրբեջանական կողմը մեկին տասը պատասխանը ստանում է և պետք է ստանա»,- ասաց Սահակյանը։