Ադրբեջանի նախագահը Կիևում է

Նախագահներ Վիկտոր Յանուկովիչը և Իլհամ Ալիևը ներկա են ադրբեջանա-ուկրաինական համաձայնագրերի ստորագրման արարողությանը։ Կիև, 18 նոյեմբերի, 2013թ.

Ուկրաինայի մայրաքաղաքում նախագահ Վիկտոր Յանուկովիչն այսօր ընդունել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարած պատվիրակությանը։ Տեղի է ունեցել երկու երկրների նախագահների խորհրդի 4-րդ նիստը։

Ուկրաինայի նախագահի կայքէջի փոխանցմամբ՝ Յանուկովիչն ասել է, որ Կիևը շատ բարձր է գնահատում Ադրբեջանի հետ բարեկամական հարաբերությունները։

«Մենք շնորհակալ ենք նախագահ Ալիևին Ուկրաինայի և մեր ժողովրդի հանդեպ հարգանք դրսևորելու համար։ Ադրբեջանը ժամանակին նավթամթերքով օգնել է Ուկրաինային։ Փաստորեն, այդ օգնությամբ հաջողվել է փրկել մեր էներգետիկան և գյուղատնտեսությունը»,- ասել է Յանուկովիչը։

Յանուկովիչը շնորհավորել է Ալիևին հոկտեմբերին նախագահ վերընտրվելու կապակցությամբ։ Ալիևն իր հերթին ասել է, թե համոզված է, որ «Ուկրաինան կշարունակի առաջ ընթանալ ինքնիշխանության ամրապնդման, սոցիալական և տնտեսական ծրագրերի իրականացման ճանապարհով»։

Նախագահները քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարը։ Հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են մի շարք համաձայնագրեր։ Կիևում նաև տեղի է ունեցել Յանուկովչի և Ալիևի առանձնազրույցը։

Նշենք, որ Ադրբեջանի ղեկավարը վաղը Վիեննայում ԵԱՀԿ-ի միջնորդությամբ պետք է հանդիպի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Հանդիպմանը ներկա կլինեն Մինսկի խմբի համանախագահները։ Վիեննայում Հայաստանի նախագահը նաև կհանդիպի Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերին։