Դատարանը կորոշի Շանթ Հարությունյանին հոգեբուժարանում հետազոտելու հարցը

Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, խիստ մտահոգված էր նման հեռանկարից:
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն: Ինչպես տեղեկացանք Ոստիկանության հասարակայնության հետ կապերի բաժնից, փորձաքննությունը ստացիոնար հիմունքներով իրականացնելու համար նախաքննական մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան։

Փաստորեն, Շանթ Հարությունյանին հոգեբուժարան տեղափոխել-չտեղափոխելու հարցը կախված է դատարանի որոշումից։ Շանթ Հարությունյանը կալանավորված է նոյեմբերի 5-ից, երբ «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառի ներքո փորձեց մի քանի տասնյակ աջակիցների հետ երթով շարժվել դեպի Մաշտոցի պողոտա, որտեղ էլ սկսվեց ծեծկռտուք, գործի դրվեցին պայթուցիկներ։ Թե ինչո՞ւ է նախաքննական մարմինը նրան դատահոգեբուժական փորձաքննության ենթարկելու անհրաժեշտություն տեսնում, պաշտոնական պարզաբանում դեռ չկա։ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խիստ մտահոգված էր նման հեռանկարից:

«Շանթը հոգեկան որևէ խնդիր չունի, հերթական անգամ երևի որոշում են Շանթին այդպես մեկուսացնել, նրան խոսքից զրկել»,- ասաց Բադալյանը.- «Դատահոգեբուժական փորձաքննությունը ստացիոնար պայմաններում արդեն վտանգավոր է ինձ համար, չգիտեմ հոգեբուժարանում մարդկանց ինչպես են վերաբերվում։ Մենք չունենք տեսակցություն, դա արդեն խնդիր է: Մենք իրենից լուր չունենք, ինքը մեզանից լուր չունի, որովհետև քննչական խումբը արգելանք է դրել հանդիպումների վրա, պատճառաբանությունները՝ չգիտեմ»։

Շանթ Հարությունյանը 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո «7-ի գործով» կալանավորված էր, մեղադրվում էր զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ. 2009-ի գարնանն ազատ արձակվեց Առողջապահության նախարարության փորձագետների եզրակացության հիման վրա, համաձայն որի` «հանցագործություն կատարելու պահին Շանթ Հարությունյանն անմեղսունակ էր եղել»:

Հարությունյանը դժգոհ էր այս որոշումից՝ պնդելով, որ դրանով փորձ արվեց կանխել «7-ի գործով» դատական նիստերին իր մասնակցությունը.- «Իրենց համար ավելի վատ էր լինելու, եթե ես հրապարակային դատական նիստերին մասնակցեի»,- բանտից դուրս գալով պնդում էր նա։

«Իրեն անմեղսունակ չեն ճանաչել այնպես, որ ինքը ներկայումս անմեղսունակ է»,- այսօր ասաց կինը.- « Բժշկական թղթերում, որոնց հիման վրա իրեն ազատեցին, նշված էր՝ «Շանթ Հարությունյանը մինչև մարտի 1-ը եղել է առողջ, ներկայումս էլ է առողջ, բայց մարտի 1-ին ստեղծված իրավիճակում չի գիտակցել իր գործողությունները»։ Ես դա էլ չեմ ընդունում, ոչ էլ ինքն էր ընդունում այն ժամանակ։ Շանթն առողջ է, նա հոգեկան ոչ մի խնդիր չունի»։

«Ճիշտ խոսք է ասում, չեն ուզում լսել և ուզում են որակել հիվանդ»,- հավելեց Ռուզաննա Բադալյանը՝ «շատ մտահոգիչ» համարելով նաև Շանթ Հարությունյանի հետ տեսակցություններն արգելելը։

Կալանավորվածի հետ դեռևս չի հանդիպել նաև որդին՝ 14-ամյա Շահեն Հարությունյանը։ Նրան քրեակատարողական հիմնարկում տեսնելու՝ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի և Զարուհի Փոստանջյանի ջանքերը ևս առայժմ արդյունք չեն տալիս։

Այս իրավիճակից վրդովված մի քանի տասնյակ քաղաքացիներ այսօր հավաքվել էին Ազգային անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ մտավախություն հայտնելով, որ Հարությունյանի նկատմամբ գուցե բռնություններ են գործադրվում։ Նրան հոգեբուժարան տեղափոխելու փորձերն էլ հավաքվածները որակում էին սկսած շարժումը «ստալինյան մեթոդներով» արժեզրկելու փորձ։

«Իրենք փորձում են ժողովրդի մոտ տպավորություն թողնել, որ սա լուրջ բան չէր ու լուրջ մոտենալ պետք չէ այդ ամեն ինչին։ Փորձում են ձևավորել պատկերացում, որ ընդվզող մարդը հոգեկան շեղում ունեցող, կամ ինչ-որ խնդիրներ ունեցող մարդն է. այսինքն ընդվզումը ներկայացնում են որպես հոգեկան շեղում այն դեպքում, երբ որ ընդվզումը պարզապես առողջ գիտակցության արդյունք է»,- ասաց քաղաքացի Տիգրան Պարսիլյանը։

«Հարցերին նման լուծում էին տալիս ստալինյան բռնապետության ժամանակ, Սովետի շրջանում, երբ այլախոհներին տանում էին հոգեբուժարան, ինչ-որ մի ձևով ուզում էին շարքից հանեին»,- հավելեց Մոմիկ Վարդանյանը.- «Այս ամենը նման է, նամանավանդ Մաքսային միությանը միանալու կոնտեքստում, սա կարծես ինչ-որ ձևով ուղերձ է, որ դրանից հետո արդեն էսպես է լինելու»։

«Ինչո՞ւ չեն թողնում տեսակցել նրա հետ»,- հարցնում էին քաղաքացիներն, ու իրեն էլ իրենց հարցին պատասխանում.- «Երևի ծեծված տեղերը թաքցնելու համար։ Բա ո՞նց կարող է բռնություն չլինի, հո Եվրոպայից բերված ոստիկանություն չի՞, մեր ոստիկանությունն իր սիստեմն ունի աշխատելու։ Հիմա եթե փորձենք մի քիչ աղմուկ հանենք, մի երկու հատ էլ մենք կստանանք»։