Ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Տավուշի մարզի ուղղությամբ

Այսօր ժամը 12:30-ի սահմաններում` մինչև ժամը 14-ը ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը, չանսալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների կոչին, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Հայաստանի Տավուշի մարզի ուղղությամբ: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Մասնավորապես, ըստ խոսնակի, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև՝ այլ հատվածներ ունենալով իրենց թիրախում: Հիմնականում կրակ է արձակվել գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից:

Գնդակոծության հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան, փոխանցում է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական Զինված ուժերը, կատարելով պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն:

«Հերթական անգամ ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչի արդյունքում՝ միջադեպի ամբողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա», - հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչության խոսնակը:

Հիշեցնենք, հոկտեմբերի 22-ին ադրբեջանական զինուժը կրակ էր բացել Տավուշի մարզում՝ Բերդ - Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա, ինչի հետևանքով զոհվեց հայկական բանակի մեկ զինվոր, ևս երեք զինվորներ վիրավորվեցին: