Բաղդասարյանը Շվեյցարիայում քննարկել է ՄՄ-ին Հայաստանի միանալու գործընթացը

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյան, արխիվ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիա այցի շրջանակներում հանդիպել է այդ երկրի արտաքին գործերի դաշնային նախարարության դեպարտամենտների ղեկավարների, ինչպես նաև Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի 2014 թվականի նախագահության հարցերով պատասխանատու Արթուր Մաթթլիի հետ, ում հետ քննարկել է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը վերաբերող հարցեր, պատասխանել Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը և Եվրամիության հետ համագործակցությանը վերաբերող հարցերին:

Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության պատասխանատու, դեսպան Կուրտ Կունցի հետ հանդիպման ժամանակ Արթուր Բաղդասարյանը քննարկել է երկու երկրների միջև տնտեսական համագործակցության խորացմանը վերաբերող հարցեր, նախանշվել են արդյունավետ գործակցության հեռանկարները:

Աշխատանքային այցը եզրափակվել է Անվտանգության քաղաքականության և Ականազերծման ժնևյան միջազգային մարդասիրական կենտրոնների ղեկավարների հետ հանդիպումներով: Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու կենտրոնների հետ համագործակցություն հաստատելու, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր քննարկելու նպատակով կենտրոնների պատվիրակություններին Հայաստանում հյուրընկալելու վերաբերյալ: