«Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը»

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը տեղեկացնում է, որ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտի գլխավոր քարտուղար Յոզեֆ Զիգելեն հերքել է Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում համաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ադրբեջանի օմբուդսմենի կայքէջում տեղ գտած ապատեղեկատվությունը:

«Ի պատասխան կայքի հոդվածին` Եվրոպական օմբուդսմենի ինտիտուտը հայտնում է, որ այն տեղեկատվությունը, թե պարոն Յուրի Հայրապետյանը հեռացվել է կոնֆերանսից, իրականությանը չի համապատասխանում: Յուրի Հայրապետյանը չի հեռացվել կոնֆերանսից: Ճշմարտությունն այն է, որ գլխավոր քարտուղարը Գլխավոր Ասամբլեայի պաշտոնական հանդիպման ժամանակ արգելել է Ադրբեջանի ներկայացուցչին քաղաքական հայտարարություններ անել: Պարոն Յուրի Հայրապետյանը` Լեռնային Ղարաբաղի մարդու իրավունքների պաշտպանը, տարիներ ի վեր հանդիսանում է Եվրոպայի Օմբուդսմենների ինստիտուտի պաշտոնական «անհատական» անդամ»,- Հայաստանի ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ՝ ասված է Զիգելեի հայտարարությունում։

Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը հիշեցնում է, որ սեպտեմբերին Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում տեղի ունեցած Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի 25-րդ տարեդարձին նվիրված համաժողովի ժամանակ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Յուրի Հայրապետյանի ելույթից հետո խոսք է խնդրել Ադրբեջանի օմբուդսմենի ներկայացուցիչը` բողոք հայտնելով համաժողովին Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի մասնակցության կապակցությամբ:

«Միջադեպից հետո Ադրբեջանի օմբուդսմենի պաշտոնական կայքում տեղադրվեց բացահայտ ապատեղեկատվություն այն մասին, թե իբր Ադրբեջանի ներկայացուցչի ելույթից հետո Յուրի Հայրապետյանին հեռացրել են համաժողովից: Ընդ որում, այս ապատեղեկատվությունը Ադրբեջանի օմբուդսմենի կայքէջում տեղադրվել էր միայն ադրբեջաներեն լեզվով։ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենների համագործակցության և հետևողականության արդյունքում երեկ Եվրոպական օմբուդսմենի ինստիտուտը պաշտոնապես հերքեց ադրբեջանական ապատեղեկատվությունը»,- տեղեկացնում է պաշտպանի գրասենյակը։