Սերժ Սարգսյանի այցը Ղարաբաղ շարունակվում է

Լուսանկարը՝ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջից

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղ աշխատանքային այցի երկրորդ օրը Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ դիտել է «Տիգրանակերտ» զորավարժարանում անցկացված «տանկային երկամարտը», որտեղ մրցութային կարգով որոշվել է կրակային և այլ չափանիշներով լավագույն մասնակիցը:

Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները նույն զորավարժարանում այնուհետ հետևել են «Պաշտպանության բանակի հարվածային խմբավորմանը բարձր աստիճանի մարտական պատրաստականության բերումը. պաշտպանության կազմակերպում, պաշտպանողական մարտի վարում, հարձակման կազմակերպում» թեմայով մարտական հրաձգությամբ երկկողմանի մարտավարական զորավարժությանը, որի կարևորագույն տարրերից էին մարտարշավային զորախմբի գործողությունները հակառակորդի թևերում և թիկունքում, փոխանցում է Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջը։

Զորավարժությանը հաջորդել է մասնակից անձնակազմի պարգևատրման արարողությունը. առավել ակտիվ մասնակցությամբ աչքի ընկած անձնակազմն արժանացել է խրախուսանքի:

Ղարաբաղում Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաև լեռնարդյունաբերության ոլորտում իրականացվող ծրագրերին և ոլորտի զարգացման հեռանկարներին:

Հայաստանի նախագահի աշխատանքային այցը Լեռնային Ղարաբաղ շարունակվում է: