Ռուսաստանը վնասի փոխհատուցում է պահանջում Լեհաստանից

Այսօր Ռուսաստանի արտգործնախարարություն է կանչվել այդ երկրում Լեհաստանի դեսպանը, ում ներկայացվել է բողոք` երեկ Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ: Մոսկվան Վարշավայից պաշտոնական ներողություն և վնասի փոխհատուցում է պահանջում:

Երեկ Լեհաստանի անկախության օրը ազգայնականների երթը Ռուսաստանի դեսպանատան մոտ վերածվել է անկարգությունների. երթի մասնակիցները փորձել են ջարդել դեսպանատան դարպասը, պայթուցիկներ ու քարեր են նետել շենքի ուղղությամբ, այրել են կայանված մեքենաները:

Իրավապահները ազգայնականներին ցրելու համար կիրառել են արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ: