Վեհափառը դատապարտում է ահաբեկչությունը Դամասկոսի հայկական ճեմարանի մոտ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում գումարված Վանական խորհրդի նիստի ժամանակ Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը մեծ ցավով անդրադարձել է Դամասկոսի Սուրբ Սարգիս եկեղեցուն կից գործող Ազգային Սրբոց Թարգմանչաց ճեմարանի մոտ նոյեմբերի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողությանը, որի հետևանքով զոհվել են մարդիկ, այդ թվում երեխաներ, փոխանցում է Մայր Աթոռի պաշտոնական կայքէջը:

Վեհափառը խստորեն դատապարտել է կրթական հաստատության հանդեպ իրականացված հրեշավոր այս հանցագործությունը` անընդունելի նկատելով նաև այն, որ հակամարտության ընթացքում մասնավոր թիրախի տակ են առնվում քրիստոնեական համայնքները:

Այս կապակցությամբ Ամենայն Հայոց կաթողիկոսը Դամասկոսի Հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի միջոցով իր վշտակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին ու հարազատներին` ընդգծելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը շարունակելու է իր զորակցությունը բերել սիրիահայությանը` հոգևորականաց դասին և ողջ ժողովրդին:

Առաջիկա կիրակի օրը՝ նոյեմբերի 17-ին Մայր Տաճարում հավարտ Սուրբ և Անմահ Պատարագի կկատարվի հոգեհանգստյան արարողություն զոհվածների հոգիների հանգստության համար, ինչպես նաև աղոթք կկատարվի Սիրայում խաղաղության վերահաստատման համար, փոխանցում է Մայր Աթոռի կայքէջը: