Սայաթ-Նովա 10-ում շինարարությունը սկսվեց․ բնակիչները դեմ են

Your browser doesn’t support HTML5

Սայաթ-Նովա 10, 12 շենքերի բակում բազմաբնակարան շենքի կառուցման դեմ ամիսներ տևած պայքարից հետո այսօր առաջին անգամ բակում հայտնվեցին շինարարական գործիքներ ու մետաղյա ցանկապատեր:
Չնայած հարյուրավոր բնակիչների բողոքին՝ կառուցապատող ընկերությունը գործի անցավ, ու սկսեց ասֆալտին ամրացնել բակը շինհրապարակի վերածող ձողերը:

Շինարարությունն ընթանում էր թեժացած կրքերի, աղմուկ-աղաղակի ու բողոքի ֆոնին․ բնակիչները ապարդյուն փորձում էին բացատրել, որ նոր բազմաբնակարան շենքը կսահմանափակի լուսավորությունն ու կխոչընդոտի դեպի բակ տանող` առանց այն էլ նեղ ճանապարհը: Ասածն ապացուցելու համար նրանք մատնացույց էին անում Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությունը, ըստ որի, եթե տվյալ տարածքում նոր շինություն կառուցվի, կարիքի դեպքում փրկարարական մեքենան անգամ չի կարողանա մոտենալ հինգ շենքերից որևէ մեկին:

Կառուցապատողը, մինչդեռ, հակադարձում է, թե ունի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը՝ Երևանի կենտրոնում հերթական բազմահարկը կառուցելու համար: Նույնը հաստատեց նաև քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը: Արձագանքելով բնակիչների փաստարկներին ու բողոքներին՝ քաղաքապետարանի պաշտոնական ներկայացուցիչն այսօր ընդամենը օրենքի դրույթներ ու հոդվածներ էր մեջբերում եւ կոչ անում դժգոհողներին դիմել դատարան:

Բնակիչները, մինչդեռ, հիշեցնում էին, որ նույն պաշտոնյան շաբաթներ առաջ այլ կերպ էր արձագանքել խնդրին եւ խոստացել էր քննարկումներ կազմակերպել կառուցապատողի հետ: Մինչև օրս, սակայն, այս հարցով որևէ հանդիպում-քննարկում չի հրավիրվել:

Կոմիտաս 5-ում պայքարի մասնակից, վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը նմանատիպ կառուցապատման մեջ կոռուպցիոն ռիսկեր է տեսնում: Միևնույն ժամանակ խոստանում է՝ ակտիվիստներն այստեղ էլ կմիանան պայքարին:

«Ակնհայտ է, որ այդ տարածքը նախատեսված չէ բազմաբնակարան կառուցելու համար և դրա կառուցումը խախտում է կողքի բնակիչների իրավունքները: Այս ամեն ինչը կատարվում է այն նպատակով, որ քաղաքապետարանի այս կամ այն պաշտոնյան համապաատասխան կառուցապատողի հետ ստանան գերշահույթներ», - «Ազատության»-ը փոխանցեց Արգիշտի Կիվիրյանը:

Իսկ Սայաթ-Նովայի բնակիչները, իրենց բնակարանից մի քանի մետր հեռավորությամբ սկսված շինարարությունը կանգնեցնելու համար, այսօր փորձեցին սեփական մարմնով փակել շինարարների ճանապարհը: Ոստիկանները կենդանի պատ կազմեցին՝ շինարարության ընթացքը պաշտպանելու համար:

«Մինչև հանրային քննարկում չլինի, մինչև Տարոն Մարգարյանը ինձ չընդունի, ես չխոսեմ այդ ճարտարապետների հետ, այս շինարարությունը չի լինելու», - ասաց բնակիչներից Անաիդա Հովսեփյանը:

Այլ ելք չտեսնելով՝ երևանյան այս բակում, ինչպես Կոմիտաս 5-ում, բնակիչները որոշեցին փաստաբան վարձել ու հարցը լուծել դատական կարգով: Այդպիսի պատրաստակամություն հայտնեց Փաստաբանների պալատի անդամ Ալբերտ Կանդալյանը: