Երեք տասնյակ հայտնի արվեստագետներ, մշակույթի, հասարակական և քաղաքական գործիչներ ստորագրել են երաշխավորագիր՝ հասցեագրված Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին և Կոտայքի մարզի դատախազ Վազգեն Ռշտունուն, պահանջելով փոխել դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոցը:
Իրենց խորին ցավակցությունը հայտնելով հոկտեմբերի 20-ին Երևան - Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով զոհված երկու երիտասարդների ընտանիքներին, երաշխավորագիրը ստորագրած գործիչները շարունակում են, որ «այս ողբերգության զոհն է նաև Վարդան Պետրոսյանը, ով, ինչպես և վթարից մյուս տուժածները, գտնվում է առողջական ծանր վիճակում»: «Տեղի է ունեցել մի ցավալի իրողություն, որի պայմաններում Վարդան Պետրոսյանը նույնպես կարող էր զոհվել», - նշված է երաշխավորագրում:
Միաժամանակ, փաստաթղթի հեղինակները «ցավով և վրդովմունքով» արձանագրում են, որ «իրավապահ մարմինները Վարդան Պետրոսյանի հետ վարվում են ինչպես հույժ վտանգավոր մի հանցագործի, այն դեպքում, երբ նրա մեղքը հաստատված չէ»: «Սա մենք դիտարկում ենք անմարդկային վերաբերմունք և խոշտանգում առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդու նկատմամբ», - ասված է երաշխավորագրում:
Փաստաթղթի հեղինակների կարծիքով, Վարդան Պետրոսյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշման հիմքում դրված են բարոյական գնահատականներ, այն է՝ «կատարվածը առաջացրել է ծանր հետևանքներ՝ խլելով երկու երիտասարդների կյանք՝ ծաղկուն տարիքում», և այդ որոշման ձևակերպումների մեջ անմեղության կանխավարկածի խախտում կա, քանի որ դեռևս նախաքննություն է ընթանում, և յուրաքանչյուր հանգամանք դեռ պետք է քննվի քրեական դատավարության բոլոր փուլերում:
«Ուստի, հաշվի առնելով վերը նշված հանգամանքները, ինչպես նաև Վարդան Պետրոսյանի վաստակը, քաղաքացիական անբասիր կենսագրությունը, նրա հրապարակային հայտարարությունն այն մասին, որ չի խուսափի դատաքննությունից, նկատի ունենալով, որ գտնվում է առողջական և հոգեբանական ծանր վիճակում, մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, նրա գործընկերները, պահանջում ենք անհապաղ փոխել Վարդան Պետրոսյանի խափանման միջոց կալանքը՝ անձնական երաշխավորությամբ՝ հիմք ընդունելով սույն երաշխավորագիրը: Վստահեցնում ենք և երաշխավորում, որ Վարդան Պետրոսյանը չի խուսափի դատաքննությունից ու չի խոչընդոտի դատաքննությանը», - ասված է երաշխավորագրում, որը բաց է ստորագրման համար:
Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով` ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ: Մեղադրանքը հաստատվելու դեպքում դերասանին սպառնում է 4-10 տարվա ազատազրկում: