Շանթ Հարությունյանի գրաֆիտիով՝ «Արտ Լաբորատորիան» փորձել է իր բողոքն արտահայտել

Your browser doesn’t support HTML5

Շանթ Հարությունյանի գրաֆիտին Երևանի կենտրոնական փողոցներում ու կառավարական շենքերի պատերին երեկ մնացել է ոչ ավելի, քան մեկ ժամ:

Հեղինակների խոսքով, ոստիկանները հաշված րոպեների ընթացքում ոչ միայն վերացրել են դրանք, այլև բերման ենթարկել իրենց համախոհներին:

Բերման ենթարկվածներից մեկը «Արտ Լաբորատորիա» արվեստագետների խմբի անդամ Արթուր Պետրոսյան է, ում խոսքով, փորձել էին այս քայլով իրենց բողոքն արտահայտել քաղաքական վարչակազմի դեմ :

Արթուր Պետրոսյանից բացի, բերեկ ուշ երեկոյան բերման են ենթարկվել նաև «Արտ Լաբորատորիա»-ի 3 այլ ակտիվիստներ՝ գույքը դիտավորությամբ փչացնելու կամ վնասելու համար: Սակայն երիտասարդներից որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել: 4 ժամ ոստիկանությունում պահելուց հետո ՝ իրավապահները նրանց ազատ են արձակել:

«Ոստիկանապետն ու փոխոստիկանապետն ինձ անուղեղ անվանեցին:Փոխոստիկանապետն ինձ ասաց, որ մենակ ես, գնալու ես կորես, քեզ ոչ մեկ չի պաշտպանելու, բայց դրսում մի խումբ մարդիկ էին հավաքվել մեզ պաշտպանելու: Այնպիսի տպավորություն էր, ասես շատ կարևոր հանցագործների են բերել, մեծ հանցագործություն են արել: Ծիծաղելի էր, որովհետև մենք ի՞նչ էինք արել, ընդամենը փչել էինք պորտրետ», - ասում է Պետրոսյանը:

Քաղաքացիական ակտիվիստ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, մինչդեռ, պնդում է, որ այս դեպքում պետական գույքը վնասելու կամ փչացնելու մասին խոսք չի կարող լինել, քանի որ նկարներն արվել են հանրային տարածքներում:

Իրավապաշտպանները նշում են, որ անհրաժեշտ է դատարան դիմել և վիճարկել ոստիկանության գործողությունները․ - «Լրիվ ապօրինություն է նրանց սահմանափակելը, նրանց թույլ չտալը կամ բերման ենթարկելը, քանի որ այն, ինչ նրանք անում են, կոչվում է սթրիթ արտ»:

«Արտ Լաբորատորիա»-ի անդամները դեռ 2008 թվականից ակտիվորեն արձագանքում են քաղաքական խնդիրներին: Տարիներ առաջ հենց նրանք էին կառավարական շենքերի պատերին դրոշմում, իրենց բնորոշմամբ` քաղբանտարկյալների ու բանակում սպանված զինվորի դիմանկարները:

«Սա ճնշում է խոսքի և մտքի ազատության վրա», - ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ու պնդւոմ, որ այդ ճնշումները գնալով սաստկանում են:

«Արտ Լաբորատորիա»-ի նախագահ Հովհաննես Մարգարյանը վստահեցնում է, որ չնայած այս ճնշումներին, իրենք շարունակելու են իրենց ակտիվ դիրքորոշումն արտահայտել արվեստի միջոցով: