Նախնական արդյունքներով՝ Արարատում հաղթել է ՀՀԿ-ի թեկնածուն

Քվեների հաշվարկում հայաստանյան ընտրություններում, արխիվ

Կիրակի օրը Արարատում անցկացված քաղաքապետի արտահերթ ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է իշխող Հանրապետական կուսակցության թեկնածուն՝ «Արարատյան ավտոկայանի» տնօրեն 50-ամյա Հայկ Հայկյանը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալներով՝ Հայկյանը ստացել է 4 հազար 544, իսկ նրա մրցակից՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածու, «Արարատցեմենտ» ընկերության արտադրության պետ 57-ամյա Սամվել Բարսեղյանը՝ 4 հազար 214 ընտրողների ձայները:

Քվեարկությանը մասնակցել է ընտրողների մոտ 67․5 տոկոսը՝ 13 հազար 218 ընտրողներից 8 հազար 921-ը: Սա բավական բարձր մասնակցություն է, ինչը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը դեռ երեկ՝ ընտրությունների ընթացքում, կասկածի տակ էր առել:

Ընտրությունների նախնական արդյուքնների ամփոփումից հետո Հանրապետականի շտաբում ծափերով են ողջունել Հայկ Հայկյանին, «մենք ապացուցեցինք, որ մենք ուժեղ ենք» խոսքերով:


Իրինա Հովհաննիսյան