Արարատի ընտրությունները անցան ոստիկանության խիստ հսկողության ներքո

Ընտրություններ Հայաստանում, արխիվ

Այդուհանդերձ, եղան ահազանգեր խախտումների մասին։
Արարատի քաղաքապետի ընտրությունները կիրակի օրը անցան ոստիկանության խիստ վերահսկողության ներքո։

Ընտրատեղամասերի մոտ պարբերաբար կուտակվում էին ոստիկանական ավտոմեքենաներ, իրավապահները, այդ թվում՝ հատուկ ջոկատայիններ, խումբ-խումբ հսկում էին տեղամասերը, որոշ տեղամասերում ոստիկանները նույնիսկ մուտքի մոտ պատ էին կազմել։

Քաղաքացիները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում տարակուսանք էին հայտնում, ասում էին՝ այսքան ոստիկան դեռ երբեք չէին տեսել։ «Արարատում նման բան ե՞րբ է եղել, արարատցիներից, բնակչությունից շատ են ոստիկանները », - նշում էին նրանք։

«Ազատություն» ռադիոկայանը տեղեկացավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) թեկնածու Սամվել Բարսեղյանի մոտ մեկ տասնյակ թիմակիցների օրվա առաջին կեսին ընտրատեղամասերից տարել են ոստիկանական բաժին։

ԲՀԿ-ի տարածքային կառույցի ղեկավար Մանուկ Առաքելյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երիտասարդներին տանում ստուգում են՝ առանց հիմնավորումների, հետո բաց են թողնում։ Նա կարծում էր, որ քաղաքում ոստիկանների այսչափ ներկայության և ակտիվության նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է։

Հիշեցենք, այս ընտրություններում ԲՀԿ-ն մրցում է իշխող Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ, այլ մրցակիցներ չկան։

«Տեղամասերում կանգնած են եղել մերոնք, տարել են ոստիկանություն, բաց են թողել։ Տանում են , ստուգում են, ոչ մի բան էլ չեն ասում, անիմաստ, բոլոր տեղամասերում, յոթ տեղամասում էլ նույնն է։ Դե վախեցնում են էլի, բա իհարկե կազդի ընտրությունների վրա, մարդիկ վախենում են, ես երբևէ Հայաստանում այդքան ոստիկան չեմ տեսել մի տեղ», - ասաց Մանուկ Առաքելյանը։

«Ասաց, որ իր համար է նկարում»


Ընտրությունների մեկնարկից 15 րոպե անց արդեն միջադեպ էր արձանագրվել Զովքի թիվ 18/07 տեղամասում՝ ընտրողներից մեկը բջջային հեռախոսով նկարահանել էր իր քվեարկած քվեաթերթիկը, ինչը նկատել էր հանձնաժողովի անդամը, կազմվել էր արձանագրություն, այդ անձին տարել էին ոստիկանություն։

Թիվ 18/07 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ Հայկ Եղյանը ձեռնպահ մնաց ասել, թե ում օգտին քվեարկած թերթիկն է նկարահանել այդ անձը։ Դիտորդներից մեկն էլ փոխանցեց. - «Իմ տեսածով՝ երկրորդ համարի թեկնածուին, Հանրապետականի թեկնածուին։ Ասեց, որ իր համար է նկարում, չգիտեմ»։

«Պատճառաբանել են, որ որպես հուշ է նա պահել... Գիտեք, ես չեմ կարծում, որ Հանրապետականի թեկնածուն Ջոն Լենոնն էր կամ, ասենք, Մայքլ Ջեքսոնն էր, որ նման թեկնածուին քվեարկելը որպես հուշ պիտի պահեին տանը փակցնելու համար», - այս առիթով ասաց ԲՀԿ-ի ղեկավար անդամ Նաիրա Զոհրաբյանը՝ հիշեցնելով օրեր առաջ իրենց հասած տեղեկություններն այն մասին, թե մրցակցի թիմը ընտրողներին քվեարկությունը ֆիքսելու հրահանգ է տվել։

Նա նաև նշեց, որ ընտրակաշառքի մասին ահազանգեր ունեն, որոնք փոխանցել են ոստիկանությանը։

Աննախադեպ ակտիվություն, ընտրողների կուտակումներ


Ընտրատեղամասերի մոտ ընտրողների մեծ կուտակումներ կային։ Գրեթե բոլոր 7 ընտրատեղամասերի դիմաց հերթեր էին, նույնիսկ հանձնաժողովների նախագահներն էին արձանագրում, որ սա աննախադեպ ակտիվություն է։

Որոշ ընտրողներ բողոքում էին, որ ընտրացուցակներում իրենց հասցեներում անծանոթ մարդկանց անուններ են հայտնվել։ Արարատի Թումանյան փողոցի բնակիչ Սամվել Իշխանյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ երեք հոգու անուն ավելացել է իրենց հասցեում։ «Արդեն 3-4 ընտրություն է` այս թղթերը գալիս են, նույն մարդկանց անուններն են, չեմ ճանաչում այդ մարդկանց։ Դիմել ենք պասպորտսեղան, ասել են՝ էդ մարդկանց գտեք, բերեք, ասեք` թող դուրս գան հասցեից, ես էլ էդ մարդկանց չեմ ճանաչում, որտեղի՞ց ճարեմ բերեմ։ Երեք հոգի են, հասցես՝ Թումանյան 4-ի 3», - ասաց նա։

Արարատի Խանջյան փողոցի բնակիչ Գառնիկ Ալեքսանյանն էլ պատմեց, որ այսօր առավոտյան ցուցակում իր տան հասցեում մի անծանոթի անուն է տեսել. - «Տեսա ներքևը ցուցակներում, հետո բարձրացա տեղամաս քվեարկելու, նորից էդ նույն մարդու անունը կար, չեմ ճանաչում ով է։ Նույն մարդը երկու տարի առաջ էլ կար, ավագանու ընտրություններում էլ կար, ես մի անգամ իմ ձեռքով ջնջեցի էդ մարդու անունը, պատկերացում չունեմ ով է։ Իրենց եմ ասել հանձնաժողովում, ականջի հետև են գցել, ասել են՝ գնա պասպորտսեղան, ես էլ զբաղված մարդ եմ, բանուգործ չունե՞մ՝ ընկնեմ պասպորտսեղանները։ Խանջյան 26 բնակարան 17-ն է հասցես»։

Արարատում ժամը 17-ի դրությամբ 13 հազար 218 ընտրողներից 8 հազար 245-ը արդեն քվեարկել էին. եթե ընտրատեղամասային հանձնաժողովների նախագահները սա պայմանավորում էին այս ընտրությունների նկատմամբ մեծ հետաքրքրությամբ, ապա Հանրապետականի մրցակից թիմը այս առիթով կասկածներ ուներ՝ փաստելով, որ նախորդ ընտրություններում այստեղ հազիվ 8 հազար ընտրող է մասնակցել։

«Շատ խիստ կասկածելի է թվում, սա, իհարկե, մտահոգիչ թիվ է, որովհետև խայտառակ արտագաղթի այս պայմաններում դժվար է մտածել, որ Արարատ քաղաքը այսպես մի կղզյակ էր, որտեղ ընդհանրապես արտագաղթ տեղի չի ունեցել և բոլոր ընտրողները մնացել են Հայաստանում։ Իհարկե, նման հրաշքի որևէ մեկս հավատալ չենք կարող», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «դրսից ընտրողնե՞ր են բերվել», պատգամավորը պատասխանեց. - «Ճշտում ենք ցանկացած ահազանգ, ցանկացած տեղեկություն։ Ես հիմա պարզապես չեմ ուզում դեռևս մինչև վերջ չճշտված տեղեկատվության վերաբերյալ պաշտոնական հայտարարություն անել»։

Քվեարկության ավարտից հետո թիվ 18 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին, որ ընտրություններին մասնակցել է 8 հազար 931 մարդ. դա կազմում է ընտրողների ընդհանուր թվի շուրջ 67.5 տոկոսը։

Հանրապետականի թեկնածուի թիմը գոհ է ընտրություններից


Իշխող ՀՀԿ-ի թեկնածուի թիմը գոհ է ընտրություններից և ԲՀԿ-ի պատգամավորներին մեղադրում է լարվածություն ստեղծելու մեջ։

Հանրապետականի Արարատի տարածքային կառույցի ղեկավար Արայիկ Սարդարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց. - «Բավականին հանդարտ է անցնում ընտրությունները, որևէ արտառոց խնդիր չունենք, չհաշված մի դեպքի՝ իբր քվեաթերթիկի նկարահանման դեպքի, որը, ըստ ինձ, շատ անհաջող արված սադրանք էր, բայց մեղքը անողների վիզը։ Եթե նա, ում ձեռքին դա իբր գտնում են, հակառակ թիմի տվյալ տարածքի կազմակերպիչի սանիկն է... նա մեր թիմակիցը չի եղել, ում որ բռնել են... Մի խոսքով, մեղքը իրենց վիզը»։

ՀՀԿ-ի ներկայացուցիչը այսպես հակադարձեց ինչ-որ մարդկանց բնակարանների հասցեներում անծանոթ անունների առկայության մասին պնդումներին. - «Աստված իմ, գիտեք, հեքիաթների շարքից է։ Միանշանակ, ազատ և արդար ընտրություններ են, բացի հակառակ կողմի պատգամավորների ստեղծած ներվային վիճակից ուրիշ ոչինչ չեք կարող նկատել»։

Արարատի քաղաքապետի պաշտոնի համար պայքարող Հանրապետականի թեկնածուն «Արարատյան ավտոկայանի» տնօրեն Հայկ Հայկյանն է, «Բարգավաճ Հայաստան»-ի թեկնածուն՝ կուսակցության առաջնոդ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի արտադրության պետ Սամվել Բարսեղյանը։