Մարսելում բացվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը

Նոյեմբերի 8-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Մարսելի քաղաքապետ, սենատոր Ժան-Կլոդ Գոդենը մասնակցել են Մարսելում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա էին Ֆրանսիայի խորհրդարանականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության տեղեկատվության վարչությունը։

Միջոցառմանը հանդես գալով ողջույնի խոսքով՝ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կարևորել է Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության հիմնադրումը՝ ընդգծելով, որ Մարսելը առանձնահատուկ նշանակություն ունի հայ ժողովրդի համար։ Նալբանդյանը համոզմունք է հայտնել, որ հյուպատոսարանը ՝ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշի ղեկավարությամբ, իր կարևոր ներդրումը կունենա հայ-ֆրանսիական փոխհարաբերությունների զարգացման և խորացման գործում։

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենը իր խոսքում ընդգծել է, որ իր համար մեծ պատիվ է ներկա գտնվել Ֆրանսիայում բարեկամ Հայաստանի առաջին գլխավոր հյուպատոսության բացման արարողությանը, քանզի ինքը ամենաջերմ զգացմունքներն է տածում հայ ժողովրդի նկատմամբ և Հայաստանի հետ համակողմանի համագործակցության զարգացման ջատագովներից է։