Նախագահն այցելել է Բյուրականի աստղադիտարան

Նախագահ Սերժ Սարգսյանը Բյուրականի աստղադիտարանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան, ծանոթացել աստղադիտարանում վերջին շրջանում իրականացված վերականգնման և արդիականացման աշխատանքներին, ինչպես նաև վարչական մասնաշենքի աշխատանքային պայմաններին:

Ինչպես փոխանցում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Սերժ Սարգսյանն այցելել է վակուումային կայան և Վ. Համբարձումյանի անվան աստղադիտակ:

Ըստ պատասխանատուների, այս տարվա սկզբից ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության առաջարկով և ՀՀ կառավարության որոշմամբ Բյուրականի աստղադիտարանն ազգային արժեքների շարքում ընդգրկվելուց հետո, աստղադիտարանի բյուջեում ենթակառուցվածքների պահպանման և արդիականացման համար համապատասխան միջոցների տրամադրման արդյունքում հնարավորություն է ստեղծվել տարվա ընթացքում զգալի աշխատանքներ իրականացնել, ինչպես նաև արդիականացնել կառավարման համակարգը: Նշվել է, որ նախատեսված աշխատանքների մեծ մասը ներկայումս ավարտված է։