Պաշտպանության փոխնախարարը ընդունել է ազատամարտիկներին

Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյան, արխիվ

Հայաստանի պաշտպանության նախարարի հրամանով ձևավորված՝ ազատամարտիկների բարձրացրած հարցերով զբաղվող գերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը այսօր ընդունել է Ազատամարտիկների խորհրդի ներկայացուցիչներ Տիգրան Հարությունյանին, Հովիկ Վարդումյանին և Կոլյա Քոչարյանին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են ազատամարտիկների կողմից բարձրացված մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ձերբակալմանը, ազատամարտիկների կարգավիճակին և սոցիալական խնդիրներին վերաբերող հարցերին:

Տոնոյանը մեկ անգամ ևս հավաստիացրել է, որ ազատամարտիկներին հուզող հարցերը գտնվում են պաշտպանության նախարարության ղեկավարության ուշադրության կենտրոնում, և նրանց բարձրացրած խնդիրներին լուծում տալու նպատակով նախարարությունը շարունակելու է պլանավորված աշխատանքները: