Բաքուն հակադարձում է Ռուզինսկու հայտարարությանը

Ադրբեջանի նախագահի աշխատակազմի բաժնի վարիչ Էլնուր Ասլանով, արխիվ

Պաշտոնական Բաքուն այսօր արձագանքել է Գյումրիում գտնվող ռուսական 102-րդ ռազմակայանի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկու հայտնի հարցազրույցին։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի վերլուծական բաժնի ղեկավար Էլնուր Ասլանովը հայտարարել է. - «Ադրբեջանը թույլ չի տա որևէ պետության կամ կողմի միջամտել իր սեփական տարածքում սեփական իրավասությունների վերականգնման գործընթացին»։

«Եթե խաղաղ բանակցությունները չտան այն արդյունքը, որը մենք ենք ակնկալում, ապա կարող ենք մի շարք այլ տարբերակներ ևս կիրառել։ Այդ տեսանկյունից, որևէ մեկը, այդ թվում՝ անձ, ով հանդես է գալիս իր երկրի պաշտոնական տեսակետին հակասող նկատառումներով, մեզ խանգարել չի կարող», - նշել է Ասլանովը։