Դեկտեմբերի սկզբին Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահը

Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը Նովո-Օգարյովոյում, 3-ը սեպտեմբերի, 2013թ․

Այցի ընթացքում Երևանում անցկացվելու է նաև հայ - ռուսայան գործարար համաժողով, փոխանցում է Ռուսաստանի հայերի միության նախագահը:
Դեկտեմբերի 1-ին կամ 2-ին աշխատանքային այցով Հայաստան կայցելի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը:

Հարցին՝ հստա՞կ է արդյոք Ռուսաստանի նախագահի առաջիկա այցի մասին տեղեկությունը, Ռուսաստանի հայերի միության նախագահը պատասխանեց․ - «Այո, ես ինչքան գիտեմ՝ հստակ է, որովհետև Հայաստանի Հանրապետության նախագահը և Ռուսաստանի Դաշնության նախագահը պայմանավորվել են, որ ամսի 2-ին պետք է Ռուսաստանի Դաշնության նախագահը այցելի Հայաստան, 1-ին - 2-ին»:

Այցի շրջանակներում նախատեսված միջոցառումների վերաբերյալ Արա Աբրահամյանը ասաց․ - «Միջոցառումները, իհարկե, երկու նախագահներն են նախատեսել՝ հանդիպում, քննարկել բոլոր այն խնդիրները, որ վերաբերում է՝ մեր երկու երկրների տնտեսական, քաղաքական և ռազմավարության բոլոր խնդիրները: Հարցեր շատ կան, ես գիտեմ, որ բավականին շատ հարցեր ունի Հայաստանի Հանրապետության նախագահը քննարկելու Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ»:

Աբրահամյանի փոխանցմամբ՝ Երևանում դեկտեմբերի 1-4-ը անցկացվելու է հայ - ռուսական գործարար համաժողով: Նախատեսված է, որ Ռուսաստանի նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում լինելու է շուրջ 500 մարդ, այդ թվում նաև՝ ռուսաստանցի գործարարներ:

«Ռուսաստանի նախագահի ադմինիստրացիայի կողմից և Հայաստանի Հանրապետության նախագահի ապարատի կողմից անցկացվում է տնտեսական ֆորում, որին մասնակցելու են Ռուսաստանի տարբեր մարզերի ղեկավարներ, ներկայացուցիչներ՝ մոտ 500 մարդ», - ասաց Ռուսաստանի հայերի միության նախագահը: