Բախում Երևանի կենտրոնում. Բազմաթիվ քաղաքացիներ բերման են ենթարկվել

Your browser doesn’t support HTML5

Երևանի կենտրոնում այսօր տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով մոտ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել, սկսվեց հաշված րոպեների ընթացքում։

Երթը մեկնարկելուց առաջ Շանթ Հարությունյանը, ով մի քանի օր է՝ «Ես հեղափոխություն եմ սկսում» պաստառի ներքո նստացույց էր անցկացնում, հայտարարեց, որ իրենց մեջ սադրիչներ կան և զգուշացրեց նրանց ոչինչ չձեռնարկել։ Մի քանի րոպեից 100-ից ավելի ցուցարարներ երթով Ազատության հրապարակից շարժվեցին դեպի Մաշտոցի պողոտա։

Այստեղ արդեն նրանց հետ գտնվող մի քանի սևազգեստ անձինք փորձեցին խանգարել, ինչին ի պատասխան Հարությունյանը հայտարարեց, թե վերջիններս սադրիչներ են։ Հարությունյանի աջակիցները տեղում սկսեցին մահակներով հարվածել՝ ամբողջովին արյունոտելով քաղաքացուն։ Ոստիկանությունը միջամտեց, ինչից հետո Հարությունյանը իր աջակիցների հետ սկսեց մահակներով հարվածել նաև ոստիկաններին։ Այնուհետև գործի դրվեցին պայթուցիկները, որոնք ցուցարարները հավանաբար գրպաններում էին թաքցրել։

Պայթուցիկները ուժեղ ձայն և լույս էին արձակում, բախումը ոստիկանների և ցուցարարների միջև շարունակվում էր։ Ոստիկանությունը իրավիճակը չէր կարողանում հսկել, քանի որ ցուցարարները թվով ավելի շատ էին և ագրեսիվ էին տրամադրված։ Ցուցարարների թիվը սկսեց ավելանալ, Մաշտոցի պողոտայի այդ հատվածում երթևեկությունը ամբողջովին դադարեցվեց։

Մոտ տասը րոպեից տեղում հայտնվեցին ոստիկանության հատուկ ջոկատայինները և հարյուրից ավելի կարմիր բերետավորներ, ովքեր սկսեցին ցուցարարներին մասսայաբար բերման ենթարկել։

Տեղում էր նաև ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը։ Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը, ով նույնպես այնտեղ էր, «Ազատության» հարցին, թե ոստիկանությունը որքա՞ն ուժեր է կենտրոնացրել, պատասխանեց, որ բերել են «համապատասխան ուժեր, որպեսզի կանխվի անկարգությունը»։

Քիչ անց ոստիկանությունը հայտարարեց, որ այստեղ հատուկ գոտի է սահմանում, փակվեց նաև Մաշտոցի պողոտայի մայթի հատվածը, մարդկանց հետ հրեցին։

Ոստիկանությունը տեղի ունեցածի առնչությամբ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ 20-ից ավելի անձինք բերման են ենթարկվել, կան նաև վիրավոր ոստիկաններ։ Վիրավորներ կան նաև ցուցարարների մեջ։

Մաշտոցի պողոտան արդեն բաց է, սակայն տարածքում մեծ թվով ոստիկաններ կան։