Երևանը տրանսպորտի թանկացման նախաշեմին. Ակտիվիստները մեղադրում են քաղաքապետին

Տրանսպորտի թանկացման դեմ արտահայտվող, մասնագիտությամբ սոցիոլոգ Սոնյա Մսրյանն ասում է՝ սակագնի բարձրացման անհրաժեշտության մասին Տարոն Մարգարյանի հայտարարությունը ոչ թե քաղաքապետի, այլ գծատիրոջ խոսք էր։

«Մենք պետք է մտածենք ոչ միայն այսօրվա, այլև վաղվա մասին։ Եթե տրանսպորտի խնդրին լուծում չտանք, ապա երկու տարի հետո Երևան քաղաքում տրանսպորտ չի լինի»,- կանխատեսել է քաղաքապետ Մարգարյանն ու հիշեցրել 90-ական թվականների սկիզբը, երբ քաղաքում տրանսպորտի լուրջ խնդիր կար։

«Դա հստակ շանտաժի էլեմենտներ էր պարունակում։ Քաղաքապետարանի պարտականությունն է ցանկացած պարագայում հասարակությանը ապահովել նորմալ տրանսպորտային միջոցներով։ Իսկ եթե քաղաքապետը չի կարողանում դա ապահովել, ապա կարելի է ենթադրել, որ նա այստեղ հետապնդում է միայն իր մասնավոր գծատիրոջ շահերը»,- ասում է Մսրյանը։

Տրանսպորտի ուղեվարձի վերանայման հարցով Մարգարյանի որոշմամբ ստեղծված հանձնաժողովի երկու անդամներ «Ազատության» հետ զրույցում ասացին՝ 100 դրամով էլ հնարավոր է քաղաքակիրթ ուղևորափոխադրում ապահովել։

«Ավտովարորդների պաշտպանության լիգա» իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը այլևս չի ցանկանում աշխատել այդ հանձնաժողովում։ Նա այդ մասին դիմումով տեղեկացրել է Տարոն Մարգարյանին։ Հովհաննիսյանն ասաց՝ համակարգային փոփոխություններ է առաջարկել, որոնք հանձնաժողովը չի ցանկացել ընդունել, գծատերերի լիազորությունները, տեխզննում, բուժզննում, չվացուցակների կանոնավորություն՝ պետությանը պետք է վերադարձնել։ Փոխարենը հանձնաժողովը քննարկել է, նրա ձևակերպմամբ, թանկացումներ հիմնավորող արհեստական փաստարկներ՝ հավելյալ ծախսերի շարքում գազալցակայանում լիցքավորողի 500 դրամ թեյավճարն է ներառել այնտեղ, նաև վարորդների համար աշխատավարձ սահմանել՝ 160 հազար դրամի չափով և հավելել, թե մեկ երթուղայինը ցանկալի է, որ օրվա ընթացքում երկու վարորդ սպասարկի։

«Երկու վարորդ կյանքում ունեցե՞լ ենք անկախությունից հետո»,- հարցնում է Հովհաննիսյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը տրանսպորտի սակագինը թանկացնելու հանձնաժողովի փաստարկների մասին ասաց՝ հորինված ծախսեր են։

«Մենք միջոց չունենք, այնքան միջոց չունենք, որ կարող է գրասենյակը շուտով հանձնենք, բայց ես անձամբ երաշխավորում եմ՝ միջազգային աուդիտորի դիմենք, ու եթե միջազգային աուդիտորը դրական եզրակացություն կտա, ես իմ գրպանից փորձաքննության գումարը կվճարեմ, բայց եթե բացասական եզրակացություն տա, պետք է քաղաքապետարանը վճարի, որովհետև այնտեղ ծախս կան, որ հաշվապահական հաշվառման մեջ նման ծախս գոյություն չունի։ Դա հորինված ծախս է»,- ասաց Պիպոյանը։

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ-ի նախագահը կարծում է՝ թանկացմամբ շահագրգիռները սպասում են ցուրտ օրերին։

«Որ պայքարի մղվող քաղաքացու համար դժվար լինի, որ քաղաքացիական պայքար չլինի», - ասում է Պիպոյանը։

Ժամանակին քաղաքային տրանսպորտով երթևեկած, այժմ ծառայողական մեքենայից օգտվող Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը պնդում է՝ քաղաքապետարանի համար շահառուների և գծատերերի շահը համահավասար է։ Դրանով հանդերձ փոխքաղաքապետը թանկացումն անհրաժեշտ է համարում, ավելի պատկերավոր՝ մարդիկ կքած չեն երթևեկի։ Հարցին, թե մինչև հիմա ինչո՞ւ չի պահանջել, Արեյանը պատասխանում է՝ «մի օր պիտի արվեր»։

Մութ խաղեր են խաղում, թանկացման հեռանկարի մասին ասում է «Ավտովարորդների պաշտպանության լիգա»-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ «Երևանտրանսի» աշխատակիցները, որոնք միայն չվացուցակների կանոնավորությունը վերահսկելու լիազորություններ ունեն, 500 դրամ թեյավճարով աչք են փակում խախտումների վրա, ինչո՞ւ պետք է իրավիճակ փոխվի։

«Որ օրական 2000 տրանսպորտային միջոց դուրս գա, դա անում է մեկ միլիոն դրամ ստվերային շրջանառություն»,- ասում է Հովհաննիսյանը։