Փաստաբանը կարծում է՝ Բուդաղյանների բողոքների վերաբերյալ կա անդրկուլիսյան որոշում

Your browser doesn’t support HTML5

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լևոն Ավետիսյանն այսօր որոշեց հունիսի 1-ին սպանված Ավետիք Բուդաղյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայկ Ալումյանի բողոքը հանձնել դատարանի նախագահին՝ մեկ դատավորի վարույթում մյուս երկու բողոքները ևս քննելու նպատակով:

Բուդաղյանների փաստաբանը դատարան էր ներկայացրել բողոք՝ հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը նրա մահվան հիմքով չիրականացնելու մասին քննիչի որոշման դեմ: Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը նրա «մահվան հիմքով չիրականացնելու մասին» քննիչ Ալեքսան Ղազարյանի որոշմանը հաջորդել են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին երկու որոշումները: Բուդաղյանների փաստաբանը դատարանում վիճարկել է այդ որոշումները ևս:

Այսօրվա դատական նիստի առիթ հանդիսացած որոշման մեջ քննիչն ապացուցված է համարել, թե Ավետիք Բուդաղյանը «կատարել է Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով նախատեսված հանցագործություններ, բայց նկատի ունենալով, որ Ավետիք Բուդաղյանը մահացել է, որոշել է նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել»:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը քննիչի որոշումը որակել է «ակնհայտ անհիմն և անօրինական»: «Հիմքեր կան ենթադրելու, որ քննիչի և դատախազի որոշումները կայացվել են առանձնապես ծանր հանցագործության պարտակման ուղղակի դիտավորությամբ», իր բողոքում գրել է Հայկ Ալումյանը:

Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ սպանված Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանին հանցանք վերագրելու համար քննիչը նախընտրել է դեպքը նկարագրել այն տարբերակով, թե իբր դեպքի օրը Սուրիկ Խաչատրյանին պատկանող մեքենայի մեջ նրա թիկնապահ, այս գործով կալանավորված, ապա ազատ արձակված Զարզանդ Նիկողոսյանի և Ավետիք Բուդաղյանի միջև անախորժ խոսակցություն է ծավալվել: Ապա, ըստ քննիչի, Զարզանդ Նիկողոսյանն ապտակել է Ավետիք Բուդաղյանին: Ավելի ուշ Բուդաղյանն, ըստ քննիչի, գնացել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ, պահանջել նրան: Քննիչն իր որոշման մեջ սպանված Ավետիք Բուդաղյանին վերագրել է «ագրեսիվ, պահանջատիրական կեցվածք»:

Քննիչ Ղազարյանը, փորձելով հիմնավորել Տիգրան Խաչատրյանի կրակելու պատճառները, գրել է, թե, իբր Տիգրան Խաչատրյանը, հասկանալով, որ «հարձակումը շարունակվում է, հանրության համար վտանգավոր ոտնձգության իրական սպառնալիքից ոտնձգություն կատարող Ավետիք Բուդաղյանին վնաս պատճառելու դիտավորությամբ երկու անգամ կրակել է Ավետիք Բուդաղյանի ոտքերի ուղղությամբ և մարմնական վնասվածքներ պատճառել նրան»:

Փաստորեն քննիչն արժանահավատ է համարել մինչ այդ մամուլում մի շարք հանցագործությունների մեջ մեղադրված Սյունիքի նախկին մարզպետի և նրա շրջապատի ցուցմունքները, իսկ սպանված Ավետիք Բուդաղյանին վերագրել հանցագործություն: Ապացույցներ ներկայացնելու պահանջին ի պատասխան՝ քննիչը հիշեցնում է նախաքննության գաղտնիության հանգամանքը:

Այս գործի նախաքննության գաղտնիության հարցն ուշագրավ դրսևորում ստացավ հենց սկզբից: Ներկայիս գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, որը դեպքի պահին զինդատախազն էր և դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործով վերահսկող դատախազը, սպանությունից չորս օր անց էր հայտարարում, թե տեղի է ունեցել «զինված հարձակում»՝ քննության հետագա ընթացքի հետ կապելով միայն հարձակման ձևի պարզաբանումը։

Նախաքննական մարմնի մոտեցումը համապետական ընտրությունների ժամանակ, մեղմ ասած, մեծ ակտիվություն դրսևորած Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցածի կապակցությամբ մի շարք հարցադրումների առիթ է հանդիսանում:

Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանն այսօր դատարանին միջնորդեց, որ իրեն տրամադրվեն քրեական գործի այն նյութերը, որոնց հիմքով քննիչը կայացրել է վիճարկվող որոշումները: Փաստաբանը, դիմելով դատավորին, ասաց, որ անգամ դատավորը, քննիչի հայեցողության հետևանքով չունենալով գործին վերաբերող նյութերը, չի կարող արդար որոշում կայացնել։

Դատավորը քրեական գործի նյութերը քննիչից պահանջելու միջնորդության մասին որոշում չկայացրեց, փոխարենը որոշեց բողոքը հանձնել դատարանի նախագահին: Դատավորն, ի դեպ, քննիչ Ալեքսան Ղազարյանին հարցրեց, թե ի՞նչ ընթացքում է նախաքննությունը։ Վերջինս ասաց՝ նախաքննությունը շարունակվում է։

Հայկ Ալումյանը կասկած չհայտնեց, որ նախաքննությունը կավարտի, երբ իր երեք բողոքների քննությունն ավարտվի Վճռաբեկ դատարանում: Ինչ վերաբերում է դատավորի այսօրվա որոշմանը, բողոքը դատարանի նախագահին հանձնելու վերաբերյալ, Հայկ Ալումյանն ուշադրություն հրավիրեց, որ իր բողոքներից մեկն էլ նույն դատարանը պետք է քննի երկուշաբթի օր։

«Եթե այսօր գործը քննող դատավորը համոզված չլիներ, որ երկուշաբթի օրը գործը քննող մյուս դատավորը էլի ճիշտ նույն կարծիքն է արտահայտելու, այսպիսի որոշում չէր կարողանա կայացնել։ Այս հարցը արտադատարանական կարգով, անդրկուլիսյան եղանակներով արդեն քննարկվել է»,- ասաց փաստաբանը։

Թե քննիչը, թե դատախազ Արտակ Հարությունյանն այսօր ձեռնպահ մնացին հրապարակավ պարզաբանել Սյունիքի նախկին մարզպետի հետ կապված դեպքի վերաբերյալ իրենց կայացրած որոշումների իրավական հիմքերը: