Զեյնալովը մասամբ ընդունել է իր մեղքը

Օրհան Զեյնալովին ուղեկցում են դատարան, Մոսկվա, 17-ը հոկտեմբերի, 2013թ․

Մոսկվայի Արևմտյան Բիրյուլևո շրջանում Եգոր Շչերբակովի սպանության համար մեղադրվող Օրհան Զեյնալովը մասամբ ընդունել է իր մեղքը: Այդ մասին այսօր հայտնում է ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությունը:

31-ամյա ադրբեջանցու փաստաբանը հայտարարել է, թե իր պաշտպանյալը կատարվածը համարում է ոչ թե սպանություն, այլ՝ ինքնապաշտպանություն:

«Ամեն ինչ սկսվել է լեզվակռվից, որի ժամանակ տուժողը սադրել է Զեյնալովին, ինչին հետևել են հարվածները», - ասել է փաստաբանը:

Օրհան Զեյնալովը ձերբակալությունից անմիջապես հետո ընդունել էր իր մեղքը, սակայն մեկ օր անց հայտարարել էր, թե սպանություն չի կատարել և ինքնախոստովանական ցուցմունքները տվել է ֆիզիկական ճնշման տակ:

Երիտասարդ մոսկվացի Եգոր Շչերբակովի սպանությանը հաջորդեցին զանգվածային անկարգությունները Արևմտյան Բիրյուլևոյում, ձերբակալվեցին հարյուրավոր մարդիկ՝ ինչպես անկարգությունների կազմակերպիչներ և մասնակիցներ, այնպես էլ՝ միգրանտներ: