Ռուսական ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունը՝ «զգոնության կոչ Ադրբեջանին»

Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյան, արխիվ

Հանրապետական խմբակցության քարտուղարը Մաքսային միության հետ կապված որևէ միտում այդ հայտարարության մեջ չի տեսնում:
Իշխող Հանրապետական կուսակցության համար անակնկալ չէ Հայաստանում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկու այն հայտարարությունը, որ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական գործողություններ սկսելու դեպքում ռազմաբազան կարող է ներգրավվել։

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը «Ազատություն» հետ զրույցում նշեց, որ այդտեղ զարմանալի ոչինչ չի տեսնում, և վկայակոչեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները։ Նա այս հայտարարությունները առավելապես դիտարկում է վերջին օրերին Ադրբեջանի կողմից Հայաստանի միջպետական ճանապարհների գնդակոծությունների համատեքստում:

«Սա վկայում է, որ մենք հանդիսանում ենք ՀԱՊԿ կողմ, և որևիցե մի ՀԱՊԿ անդամ հանդիսացող պետության հանդեպ ոտնձգություն, ռազմական գործողություն՝ ապա մյուսները պարտավորվում են միջամտել: Հասկանում եմ միտումը՝ կապել Մաքսային միության հետ և այլն, բայց ոչ, ես դրա հետ կապված որևէ միտում այստեղ չեմ տեսնում», - ասաց Հովհաննես Սահակյանը՝ շարունակելով․ - «Հայտարարությունը իմ կարծիքով նաև կանխարգելիչ որոշակի գործառույթ է իրականացնում. եթե մենք նայենք վերջին տասն օրվա ընթացքում մեր սահմանին տիրող իրավիճակը՝ ամսի 30-ի կրակոցներից հետո այսօր էլ այդ ճանապարհը փակ է խաղաղ բնակչության համար, ապա կարծում եմ՝ սա նաև զգոնության կոչ է ադրբեջանական իշխանությանը, որպեսզի իրենց բյուջեի, ռազմական հնարավորությունների, պոտենցիալի վրա այնքան էլ հույս չդնեն: Որովհետև այստեղ խոսքը վերաբերում է հայ - ադրբեջանական սահմանին»:

Հովհաննես Սահակյանի կարծիքով՝ ալիևյան կլանը, չկարողանալով դիվանագիտական ճանապարհով Ղարաբաղի խնդիրը իր համար ընկալելի, «բարենպաստ» ուղղությամբ տանել, պետք է գնա այսպիսի որոշակի գործողությունների, «որովհետև ներքին շուկայում, ներքին սպառման համար այլևս անելիք ու ասելիք չունի, ուստի այստեղ մնում են նմանատիպ գործողությունները, որի ականատեսն ենք մենք, ցավոք սրտի»:

Դիտարկմանը, թե՝ Մաքսային միության շուրջ այս գործընթացների ֆոնին ռուս պաշտոնյայի նման հայտարարությունից, այնուհանդերձ, կարելի՞ է եզրակացնել, որ Մաքսային միությանն անդամակցության դիմաց է Ռուսաստանը արդեն բացահայտ ստանձնում Հայաստանի անվտանգության երաշխավորի դերը, Հանրապետական խմբակցության քարտուղարը արձագանքեց. - «Մենք ՀԱՊԿ միությանը որպես անվտանգության համակարգ անդամակցել ենք բավականին վաղուց՝ 94 թվականից, և կապել Մաքսային միության հետ, կարծում եմ, այնքան էլ ճիշտ կամ տեղին չէ»:

«Այստեղ որևէ արտառոց բան չկա՝ ընդամենը մի պայմանագիր է գործում, որի մասին բարձրաձայնում են, որը շատ ավելի վաղուց է ընդունվել, քան Մաքսային միությանն անդամակցելու մասին քաղաքական որոշման բարձրաձայնելու փաստն էր», - շեշտեց Հովհաննես Սահակյանը: