Կառավարությունը նվազեցնում է նոր ՀԴՄ-ների գները

Այսօրվա նիստում Կառավարությունը որոշեց գրեթե կիսով չափ նվազեցնել նոր հսկիչ-դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) գները:

Նոր սերնդի ՀԴՄ-ները, հիշեցնենք, ունեն չջնջվող հիշող սարք, որը թույլ չի տալիս, օրինակ, օրվա վերջում փոխել իրականացված առեւտրի ծավալների վերաբերյալ տեղեկությունները: Դրանք մալուխային կապուղու միջոցով միացվում են համապատասխան հարկային մարմնին, որպեսզի այն կարողանա հընթացս ֆիքսել իրականացված առեւտրի ծավալները:

Դրանց ներդրումը սկսվել է անցած հուլիսի 1-ից և պետք է ավարտվի մինչև 2015 թվականի հունվարի 1-ը:

Ըստ Կառավարության այսօրվա որոշման` 2012 թվականի արդյունքներով 58.35 միլիոնից մինչև 500 միլիոն դրամ (ներառյալ ԱԱՀ-ն) իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար ՀԴՄ-ն կարժենա առավելագույնը 280 հազար դրամ, իսկ 58.35 միլիոն դրամից պակաս իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար` առավելագույնը 150 հազար դրամ:

Հարկ է նկատել, որ նախապես սահմանված գնից` 369 հազար 600 դրամ, այսօր ընդունված որոշմամբ ՀԴՄ-ների գինը նվազեցվում է մոտ 50 տոկոսով:

«Բնականաբար ոչ խոշոր կամ փոքր ձեռնարկատերերը հավասար հնարավորություններ չունեն խոշորի հետ համեմատած, դրա համար գինը տարբերակվեց, որպեսզի մարդկանց համար ավելի մատչելի լինի: Փոքր և միջին ձեռնարկատերերի համար սահմանվում է ավելի ցածր գին, քան ինքնարժեքն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը` հավելելով, որ Կառավարության որոշմամբ ՀԴՄ-ների ներկրումն իրականացնում է «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:

Կառավարության այսօրվա որոշման համաձայն, նախապես թանկ գնով ձեռք բերված ՀԴՄ-ների գների տարբերությունը օրենքով սահմանված կարգով վերադարձվելու է հարկ վճարողներին: