Նախագահն ընդունել է Եվրախորհրդարանի պատվիրակությանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի Եվրոպայի պահպանողականներ և ռեֆորմիստներ խմբի արտաքին հարաբերությունների համակարգող Չարլզ Թանոքին և Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Ռիշարդ Չարնեցկուն, տեղեկացնում է նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Ընդգծելով, որ եվրոպական մերձեցումը եղել և շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական օրակարգի կարևորագույն բաղկացուցիչը, Սերժ Սարգսյանը նշել է, որ մեր երկիրը վճռական է շարունակելու լայնածավալ ինստիտուցիոնալ բարեփոխումները՝ ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են Եվրամիության հետ Հայաստանի անցած տարիների ձեռքբերված համագործակցության մակարդակի պահպանումն ու հետագա զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական օրակարգին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին: