Հայաստանի դեսպանը ՄԱԿ-ում խոսել է Բաքվի սպառնալիքների մասին

ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Կարեն Նազարյան, արխիվ

Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 68-րդ նստաշրջանի շրջանակներում ԳԱ առաջին կոմիտեի «Տարածաշրջանային վստահության ամրապնդման միջոցներ» օրակարգի կետով ելույթ է ունեցել ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը:

Նշելով, որ այդ միջոցները հանդիսանում են կարևոր բաղկացուցիչ միջազգային խաղաղության և անվտանգության հաստատման ու պահպանման համար՝ Նազարյանն անդրադարձել է Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ղեկավարության կողմից շարունակաբար հնչող սպառնալիքներին, ռազմական ծախսերի ավելացմանը ու դրա արդյունքում սանձազերծած սպառազինությունների մրցավազքին և սահմանային սադրիչ գործողություններին;

Հայաստանի դեսպանը նշել է, որ Ադրբեջանը շարունակաբար մերժում է ոչ միայն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների առաջարկած խաղաղ կարգավորման հիմնարար սկզբունքները, այլև վստահության ամրապնդման միջոցառումները` այդ թվում շփման գծից դիպուկահարների դուրսբերման, հրադադարի խախտման դեպքերի համար հետաքննության մեխանիզմ ստեղծելու առաջարկությունները:

Նազարյանն ընդգծել է, որ ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հիմնահարցերի լուծման, և բանակցությունների միջոցով հակամարտության կարգավորման այլընտրանք գոյություն չունի: