ՀՅԴ-ն դժգոհ է գյուղապետի սպանության գործի նախաքննությունից

Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյան

Պռոշյանի գյուղապետ դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանությունից արդեն յոթ ամիս է անցել, իրավապահ մարմինները կարող էին շատ ավելի ամբողջական նախաքննություն անցկացնել և այսօր ավելի շատ արդյունքներ ունենալ, ասում է Հայ հեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և հավելում, որ մինչ այժմ զուսպ հետևել են նախաքննության ընթացքին, սակայն այսուհետ տարբեր միջոցներով փորձելու են ավելի արդյունավետ քննություն պահանջել։

Վաղը՝ հոկտեմբերի 29-ին երթով շարժվելու են դեպի նախագահի նստավայր, իսկ այսօր հանդիպում են գլխավոր դատախազին։

«Մեզ փորձում են հավաստիացնել, թե ամեն ինչ անում են բացահայտելու համար, մենք տեսնում ենք, որ յոթ ամիս անցել է, և դեռ ռեալ արդյունք չկա։ Մենք այս ընթացքում հազվադեպ ենք խոսել, հազվադեպ ենք լրագրողներին, լրատվամիջոցներին տեղեկություններ փոխանցել, բայց այս ընթացքում մենք բազմաթիվ հանդիպումներ ենք ունեցել։ Հանդիպել ենք ոստիկանապետի հետ, բացի այդ առնվազն 5-6 հանդիպում ենք ունեցել փոխոստիկանապետերի, ոստիկանության այն վարչությունների պետերի հետ, որոնք զբաղվում են այս խնդիրներով»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վարդանյանը։

Ժամանակն անցնում է, և որոշ մարդիկ, ովքեր միգուցե կարող էին օգնել բացահայտել այս սպանությունը, հեռանում են Հայաստանից, կամ, օրինակ, մահանում, շարունակում է Աղվան Վարդանյանը։

«Իրավապահ մարմինները ամենաբարձր մակարդակով բազմիցս հավաստիացրել են, որ իրենք առավելագույն անում են, շարունակում են աշխատել, բայց մենք այստեղ բացեր, թերացումներ տեսնում ենք։ Օրինակ, շատերը ենթադրում էին, որ կոնկրետ մարդ, ով դեպքի վայրում է եղել և չէր կարող տեսած չլիներ, բայց ցուցմունք չէր տալիս, այսօր Հայաստանում չէ»,- ասաց Վարդանյանը։

Տարիներ են անցել, բայց մարտի 1-ի և հոկտեմբերի 27-ի գործերը դեռ բացահայտված չեն։ Հարցին, թե մտավախությո՞ւն չունեն, որ այս գործը նույն ճակատագրին է արժանանալու, Աղվան Վարդանյանը պատասխանեց.- «Ես ինձ իրավունք չեմ վերապահի այսօր նման քաղաքական գնահատական տալ։ Հոկտեմբերի 27-ի գործը ակնհայտորեն բոլորովին այլ գործ էր, մարտի 1-ի գործը իր ծավալով բոլորովին այլ գործ է։ Ամեն մի հանցագործություն առանձնակի է, մենք ունենք կոնկրետ հանցագործություն և տեսնում ենք այդտեղ նաև որոշակի հնարավոր քաղաքական տարրեր»։