Փակ շուկայի մոտ կրկին լարված իրավիճակ էր

Your browser doesn’t support HTML5

Փակ շուկայի մոտ կրկին լարված իրավիճակ էր

Այսօր «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը հերթական ակցիան իրականացրեց Ծածկած շուկայի մոտ:
Նախաձեռնության ընդդիմախոսները պնդում էին, որ իրենց չի մտահոգում՝ ունի՞ արդյոք Փակ շուկան շինարարության կամ շահագործման թույլտվություն, թե՞ ոչ: Կարևորը, որ դրա գործելու արդյունքում ստեղծվել են աշխատատեղեր և մարդիկ աշխատանք ունեն: Նրանք հավաստիացնում էին, որ շուկայի շենքը նորոգվել է և այժմ այնտեղ աշխատելը հաճելի է:

«Ես միայն նայում եմ այն տեսանկյունից, որ շուկան վերանորոգվել է, և դա շատ լավ է», - ասաց նորաբաց շուկայի կողմնակիցներից մեկը:

Դիտարկմանը, թե կառուցապատողը չի ունեցել օրենքով սահմանված բոլոր թույլտվությունները, նա արձագանքեց․ ֊ «Ինձ դա չի մտահոգում: Եթե թույլ չտային, ինքը [Սամվել Ալեքսանյանը] անօրինական ոչ մի գործողություն չէր կատարի»:

Շուկային դիմացի մայթին կրկին հուշարձանի համար պայքարող ակտիվիստներն էին, ում այս անգամ էլ դիմավորեցին գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանի աջակիցները: Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը արձագանքելով նոր աշխատատեղերի ստեղծման մասին նրանց պնդումներին՝ զուգահեռներ տարավ այս դեպքի եւ դեպի Մաքսային Միություն ձգտող Հայաստանի միջեւ:

«Այս օրերին Մինսկում և Մոսկվայում մեզ ասում են, թե գիտեք, ինքնիշխանությունը, անկախությունը սրբապատկեր մի դարձրեք: Սա էլ է նույնը․ մեր ոտքի տակից մեր հողն են գողանում: Սա նշանակում է, որ հսակայական մի կառույց հասարակությունից վերցրին եւ տվեցին մի մարդու, որը անօրինականություն է գործում, և իրենց չի հետաքրքրում օրենքը: Սա անօրինականության խորհրդանիշն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տիգրան Խզմալյանը:

Նախաձեռնությունը հայտարարում է, որ շուկայի շուրջ այժմ «իրավական վակուում» է ստեղծվել․ գրեթե բոլորն ընդունում են, որ օրենք է խախատվել, սակայն որևէ մեկը որևէ քայլ չի ձեռնարկում սեփականատիրոջը պատասխանաըվության ենթարկելու համար: Նախաձենության անդամ Գարեգին Չուգասզյանի խոսքով՝ երկու պատկան մարմինները՝ Անշարժ գույքի պետական կադաստրն ու Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել են, որ իրենք շահագործման և շինարարության ավարտի մասին որևէ ակտ չեն ստորագրել: Ուստի, ակտիվիստների խոսքով՝ շուկայի շահագործումն այժմ անօրինական է:

«Նորությունը, որ եկավ քաղաքապետարանից, դա այն էր, որ շինարարության ավարտի մասին որևէ ակտ չի կազմվել: Այսինքն՝ խոսել այն մասին, որ այդ շենքը անվտանգ է շահագործման համար, մենք չենք կարող: Ինչ-որ մեկը պետք է այդ ամբողջը շինարարական ստանդարտներով ընդուներ, սակայն դա չի եղել», - ասաց Գարեգին Զուգասզյանը:

Այսօր նախաձեռնության անդամներից մի քանիսը լրատվամիջոցների ներկայացուցիչների ուղեկցությամբ փորձեցին շուկա մտնել, սակայն նրանց ընդդիմախոսները շատ արագ կտրեցին ճանապապարհն ու փակեցին մուտքը:

Ողջ այս ընթացքում ոստիկանները կանգնած էին երկու ճամբարների միջև, ու չնայած ակտիվիստների խնդրանքին, որևէ կերպ նրանց չէին աջակցում՝ պնդելով, թե հակառակ դեպքում հնարավոր է բախումներ լինեն:

Ի դեպ ակտիվիստների և լրագրողների վրա պարբերաբար հարձակվում էր մի քաղաքացի, ընդ որում՝ իրավապահների ներկայությամբ: Մեր բազմաթիվ խնդրանքներին ի պատասխան՝ ոտսիկանները պնդեցին, թե նա հոգեկան խնդիրներ ունի, և որևէ քայլ չարեցին նրան տարածքից հեռացնելու համար: