Ռուսաստանը փշալար է տեղադրում Ուկրաինայի հետ սահմանին

«Նեխոտեևկա» անցակետը ռուս - ուկրաինական սահմանին

Ռուսաստանի սահմանապահ զորքերը սկսել են փշալարե պատնեշներ տեղադրել ռուս - ուկրաինական սահմանագծի որոշ հատվածներում: Այս մասին տեղեկացնում է մոսկովյան Lenta.ru-ն՝ վկայակոչելով ուկրաինական ИРТА հեռուստաալիքի տարածած տեղեկությունները:

Ուկրաինական աղբյուրները ենթադրում են, որ ռուսական կողմի այս քայլը կապ ունի Ուկրաինայի կողմից Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի առաջիկա ստորագրման հետ:

Մեկնաբանելով պաշտոնական Կիևի և Մոսկվայի հարաբերությունների թեման՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր հայտարարել է․ - «Եթե Ուկրաինայի և Եվրամիության միջև ասոցացման համաձայնագիրը ստորագրվի, ապա ի վերջո մենք ստիպված ենք լինելու պաշտպանական քայլեր իրականացնել, որոնք նախատեսված են ԱՊՀ-ի ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրով»:

Այս մասին Լավրովը հայտարարել է իր ուկրաինացի պաշտոնակից Լեոնիդ Կոժարայի հետ Դոնի Ռոստովում կայացած բանակցությունների ավարտին: