Der Spiegel. Մերկելին հնարավոր է գաղտնալսում են 2002-ից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկել, արխիվ

Der Spiegel գերմանական պարբերականի հրապարակման համաձայն, ամերիկյան հատուկ ծառայությունները կարող էին գաղտնալսել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսից կատարված զանգերը 2002 թվականից ի վեր, երբ նա դեռ Գերմանիայի կառավարության ղեկավարը չէր:

Պարբերականը վկայակոչում է իր տրամադրության տակ եղած գաղտնի փաստաթղթերը, որոնցում, մասնավորապես, ասվում է, որ Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկատվության հավաքագրման մոտ 80 կենտրոն է ունեցել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում և Բեռլինը, Փարիզը, Ժնևը:

Ավելի վաղ մեկնաբանելով գաղտնալսումների մասին տեղեկությունները՝ Անգելա Մերկելը այդ գործողություններն անընդունելի է համարել, նշելով, որ բարեկամները չպետք է լրտեսեն միմյանց:

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում շաբաթ օրը հարյուրավոր ակտիվիստներ բողոքի ցույց են անցկացրել Անվտանգության ծառայության շենքի դիմաց՝ պահանջելով հետաքննություն անցկացնել զանգվածային լրտեսության մասին տեղեկությունների վերաբերյալ: