Լրացավ հոկտեմբերի 27-ի ողբերգության 14-րդ տարին

Հոկտեմբերի 27-ին զոհված գործիչների հիշատակը հավերժացնող հուշակոթողը Ազգային ժողովի այգում

Հարգանքի տուրք զոհված պետական գործիչների հիշատակին։
Կիրակի օրը լրացավ հոկտեմբերի 27-ի ողբերգության 14-րդ տարին։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նաիրի Հունանյանի զինված հանցախումբը ներխուժեց խորհրդարանի նիստերի դահլիճ և գնդակահարեց ութ պետական գործիչների` Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանին, վարչապետ Վազգեն Սարգսյանին, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանին և Ռուբեն Միրոյանին, պատգամավորներ Արմենակ Արմենակյանին, Միքայել Քոթանյանին, Հենրիկ Աբրահամյանին և նախարար Լեոնարդ Պետրոսյանին:

Այսօր Ազգային ժողովի այգում՝ Երվանդ Քոչարի կերտած հուշակոթողի մոտ, տեղի է ունեցել հիշատակի արարողություն: Խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը, փոխնախագահներ Հերմինե Նաղդալյանը, Էդուարդ Շարմազանովը, պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհված գործիչների հիշատակին:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ արարողությանը ներկա էին նաև զոհված պետական գործիչների հարազատները:

Ներկաները ծաղիկներ են դրել Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի, Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի, Յուրի Բախշյանի, Արմենակ Արմենակյանի, Ռուբեն Միրոյանի, Միքայել Քոթանյանի, Հենրիկ Աբրահամյանի, Լեոնարդ Պետրոսյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ:

Հոկտեմբերի 27-ին հիշատակի միջոցառումներ են անցկացվում նաև Եռաբլուրում, Կոմիտասի անվան պանթեոնում։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Ցմահ ազատազրկման դատապարտված Վռամ Գալստյանը հետագայում ինքնասպանություն գործեց, իսկ 14 տարվա ազատազրկման դատապարտված Համլետ Ստեփանյանը հանկարծամահ եղավ։

«Հոկտեմբերի 27»-ի գործով ձերբակալված Նորայր Եղիազարյանը, երբ գործը դեռ նախաքննության ընթացքում էր, ըստ պաշտոնական վարկածի` Նուբարաշենի մեկուսարանում էլեկտրահարվեց։