Եվրախորհրդարանի բանաձևն ընկալվում է որպես սեպտեմբերյան շրջադարձի պատասխան

Բելգիա -- Եվրախորհրդարանի շենքը Բրյուսելում

Ընդդիմադիր պատգամավորների համոզմամբ՝ Եվրոպական խորհրդարանի ընդունած ոչ հայանպաստ բանաձևը պատասխան էր Հայաստանի իշխանությունների՝ Մաքսային միություն մտնելու որոշմանը:

Այս շաբաթ Եվրոպական խորհրդարանը Արևելյան հարևանության երկրների հետ հարաբերությունների ամրապնդման և մինչ այսօր գրանցած առաջընթացի ու անհաջողությունները վերաբերյալ բանաձև ընդունեց, որտեղ անդրադարձ էր կատարվել նաև Ղարաբաղի խնդրին: Մասնավորապես, Եվրախորհրդարանը նշում է, որ Արևելյան գործընկերության անդամ երկրի կողմից մեկ այլ երկրի տարածքների օկուպացիան խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքները: Եվրախորհրդարանը միևնույն ժամանակ ընդգծում է, որ խնդիրը պետք է կարգավորվի 1993 թվականի ՄԱԿ-ի 4 բանաձևերի հիման վրա, որտեղ կոչ է արվում դուրս բերել զորքերը Քելբաջարի, Աղդամի և մյուս «օկուպացված» տարածքներից:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի համոզմամբ՝ նման կոշտ ձևակերպմամբ բանաձև ընդունելով Եվրոպան պատասխանում է Հայաստանի իշխանություններին, ովքեր 4 տարի Եվրամիության հետ բանակցեցին Ասոցացման համաձայնագրի շուրջ, ապա անսպասելիորեն հայտարարեցին Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միությանը միանալու մասին։

«Առաջին անգամ Եվրախորհրդարանը նշում է՝ Արևելյան գործընկերության մեկ պետության կողմից մեկ այլ պետության զավթումը խախտում է Արևելյան գործընկերության հիմնարար սկզբունքներն ու նպատակները։ Այս ձևակերպումը առաջին անգամ է հայտնվում։ Սա պատասխան է եվրոպացիների կողմից Արևելյան գործընկերնության չորս տարվա բանակցություններից հրաժարվելու համար։ Պատահական չէ»,- ասաց Մանուկյանը։

Արամ Մանուկյանը չի բացառում, որ առաջիկայում ստեղծվի այնպիսի մի իրավիճակ, երբ իշխող վարչակարգը կարող է զոհաբերել Լեռնային Ղարաբաղը իր իշխանությունը պահելու համար.- «Այս փաստաթուղթը 15 օր առաջ եղել է, մեր իշխանությունները իմացել են այս փաստաթղթի մասին, և Զորիի նման լալկաններին առաջ են գցել՝ նախապատրաստելու հասարակական կարծիքը այս փաստաթղթի հետ կապված, և բնականաբար, սրան հետևող իրավիճակներին նախապատրաստելու հետ կապված։ Մինչև հիմա հազար ու մի բան զոհաբերել ենք՝ գույք, սուվերենություն, ցեղասպանություն, արժանապատվություն։ Հիմա ես վախենում եմ այդ մտքից, որ հաջորդ զոհաբերվող արժեքը լինի Ղարաբաղը։ Եվ սրանով իրենք կարծես թե նախապատրաստում են այն միջավայրը, որի դեպքում սա կներկայացվի հայ ժողովրդին»։

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն, անդրադառնալով Եվրախորհրդարանի ընդունած բանաձևին, ասաց, թե դեռևս այդ փաստաթղթի վերջնական տարբերակին չի ծանոթացել, բայց եթե իսկապես Ղարաբաղի մասին նման կոշտ ձևակերպումներ են հնչել, ապա բացատրությունը հետևյալն է.- «Այո, բավականին կոշտ ձևակերպումներ են դրանք, և, այո, ինչ-որ տեղ մենք դա կարող ենք ընդունել՝ որպես սեպտեմբերի 3-ի կտրուկ շրջադարձի պատասխան»։

Դաշնակցական Աղվան Վարդանյանը նույնպես բանաձևում տեղ գտած ոչ հայանպաստ ձևակերպումները կապում է Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման հետ: Վերջինիս փոխանցմամբ՝ Արևմուտքը սկսել է Հայաստանին դիտարկել Ռուսաստանի և Բելառուսի հետ նույն շրջանակում, և այն վերաբերմունքը, որ կա այդ երկրների նկատմամբ, տարածվելու է նաև Հայաստանի վրա:

«Ակնհայտ է, որ սրանից փորձելու են, և արդեն իսկ դրա նշանները, առիթները կան, օգտվել մեր հակառակորդները։ Գիտեք՝ ադրբեջանական լոբբին, թուրքական լոբբին այս ամբողջ ընթացքում ինչպես էր աշխատում, նրանք ևս մի առիթ ունեն այս փաստով մեր հանդեպ այլ տրամադրություններ ստեղծել»,- ասաց Վարդանյանը։

Հավելենք, որ Եվրախորհրդարանը իր բանաձևում նաև ափսոսանք է հայտնում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Մաքսային միություն մտնելու որոշման կապակցությամբ, ապա ցավում, որ այդ որոշումը կայացվել է առանց Հայաստանի խորհրդարանի մանրազնին ուսումնասիրության և հասարակության հետ բաց և թափանցիկ քննարկումների:

Եվրախորհրդարանը նաև դատապարտում է հօգուտ եվրաինտեգրման ցույց անող ակտիվիստների վրա կատարված հարձակումները և կոչ է անում մեղավորներին պատասխանատվության ենթարկել։