Հերթական շինարարությունը՝ բնակելի շենքի տարածքի հաշվին

Your browser doesn’t support HTML5

Երևանում ընթանում է բնակիչներին անհարմարավետություն պատճառող հերթական շինարարությունը։

Հրաչյա Քոչար 19 և 17 շենքերի բնակիչներն ահազանգում են, որ Քոչար 19-ում՝ իրենց շենքի տակ գործող ատամնաբուժարանը Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո սկսել է բակ մտնող միակ փողոցի ու մայթի հաշվին ընդլայնել տարածքը։ Բնակիչներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշում են, որ 5 շենք սպասարկող փողոցը նեղացվում է, և արտակարգ պատահարների դեպքում նույնիսկ հրշեջ մեքենաները շենքերին մոտենալու հնարավորություն չեն ունենալու։

Իսկ փողոց դուրս գալիս սեփական կյանքը վտանգելու մասին բնակիչներն էլ չեն խոսում.- «Ուզում եմ բակից դուրս գալ, մեքենան անմիջապես դեմս է դուրս գալիս, որովհետև տեսադաշտն ամբողջությամբ փակված է։ 5 շենքով այստեղից ենք մուտք գործում որևիցե ճանապարհ չկա»։

Բնակիչները ասում են, որ իրենց շենքի խնդիրները հոգում են սեփական միջոցներով՝ տարածքը մաքրում են, վերանորոգում և այլն։ Թաղապետարանից սպասելիքներ չունեն։ Վերջերս էլ բնակիչներով հավաքվել ու ամրացրել են շենքի հենասյուները։ Իսկ այսօր մտահոգված են՝ մի կողմից իրենք շենքն ամրացնում են, մյուս կողմից կառուցապատողը, իր բիզնեսի շահից ելնելով, թուլացնում է այն։

«Մի փոքր ծակի համար տուգանքի արձանագրություն ունեմ։ Հիմա շենքի հիմնական պատը դրել քանդում ես, ասում ես լավ եմ անում։ 50 տարվա շենք է, արդեն իսկ հնամաշ է։ Արդեն 3-րդ օրն է քաղաքապետարանին բողոքում ենք, որ շենքի հիմքը քանդել են, կապիտալ պատ է վերացվում դուռ բացելու համար դեպի ճանապարհ»,-ասաց բնակիչ Կամո Նովշատյանը։

Սա բնակիչների առաջին բողոքը չէ քաղաքապետարանին։ Նրանք բազմիցս դիմել են թե թաղապետարան, թե քաղաքապետարան։ Դեռ շինարարության սկզբում քաղաքապետարանից ստացել են պատասխան այն մասին, որ շինարարությունը կասեցվել է, մինչդեռ, ըստ բնակիչների շինարարությունը մինչ օրս շարունակվում է։

«Ես ասում եմ՝ ցույց տվեք փաստաթուղթը, որ քաղաքապետարանը կասեցրել է։ Իրենց նախադասությունն եմ ասում՝ հետո ինչ, կարաք նենց մարդ բերեք, որ մեզ ասի մի արեք, դե գնացեք»,- փոխանցեց բնակչուհիներից մեկը։

Զրուցեցինք նաև կառուցապատողի՝ Համազասպ Գրիգորյանի ընկեր և շինարարության պատասխանատու Արայիկ Գոջաբաշյանի հետ։ Վերջինս «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե շինարարությունն իրականացնում են բացառապես օրենքի շրջանակում և կասեցման մասին որևէ թուղթ չեն ստացել։

«Քանի որ էս ատամնաբույժներին նոր օրենք են հունվարի մեկից մտցրել, որ արտոնագրային վճար է լինելու աթոռներով և այլն, տարածքի համար էլ կա ստանդարտներ, որին իր ատամնաբուժարանը չէր համապատասխանում, որոշեց մի քիչ ընդլայնել։ Դիմեցինք քաղաքապետարան, ստացանք կցակառույց կառուցելու օրինական շինթույլտվություն։ Սկզբում տրվել է ճարտարապետակահատակագծային առաջադրանքը, նախագիծ է գծվել, հաստատվել է նախագիծը, դրա հիման վրա տրվել է շինթույլտվություն»,- ասաց Գոջաբաշյանը։

Գոջաբաշյանը նույնիսկ ցույց տվեց 22 բնակիչների գրավոր համաձայնությունը։ Իսկ մնացած բնակիչների բողոքը համարեց նեղ անձնական շահերի արդյունք, սակայն մանրամասնել չցանկացավ։

Բնակիչներնն էլ հակադրաձում են.- «Այդ տարածքի համար մենք հանդիսանում ենք սեփականատեր և ոչ մեկին չի հետաքրքրում, որ դա լկտիաբար մեր ձեռքից խլվում է, իրենք դա վերագրում են չուզողության։ Էլ չեմ ասում, որ այստեղ խաղահրապարակներ կան, հրշեջ ծառայության անվտանգ անցնելու խնդիր կա։ Էլ ուրիշ շատ բաներ։ Իսկ եթե կա ստորագրություն, ապա դա քիչ է, չի գերազանցում 51 տոկոսը։ Դա ուղղակի ֆիզիկապես հնարավոր չէ, որովհետև մենք ունենք այդ ստորագրությունները, որը կարող եք տեսնել»։

Ոստիկանությունում ու դատախազությունում դեպքի մասին տեղյակ են, նույնիսկ քրեական գործ է հարուցվել, կատարվում է քննություն։

«Քննությունը ձգձգվում է։ Իրենք խանգարում են մինչև շինարարությունն ավարտեն նոր կատարվի քննություն։ Դիմել ենք դատարան այս ապօրինի կառույցի շինթույլտվությունն անվավեր ճանաչելու համար։ Խնդրել ենք որպեսզի կասեցվի այդ շինարարությունը մինչև երկու գործերի ավարտը, որպեսզի կարողանանք արդարությունը վեր հանենք, որպեսզի իմանանք ովքեր են կարողացել այս կեղծ փաստաթղթերով շինթույլտվություն ստանալ»,- ասաց բնակիչներից մեկը։