Տաքսու վարորդները պահանջում են նվազեցնել տուգանքների չափերը

Նախագահի նստավայրի դիմաց երթևեկության կանոնների խախտմամբ կայանված ավտոմեքենաներից մեկը:

Նվազեցնել երթևեկության կանոնները խախտելու համար նախատեսված տուգանքների չափը: Սա են պահանջում տաքսու (իրենց պնդմամբ) հազարավոր վարորդներ:
Այդ դիմումը վարորդներից Արամ Գևորգյանը այսօր հանձնեց Նախագահի աշխատակազմի նամակների եւ քաղաքացիների ընդունելության բաժին: Նրա խոսքով՝ վարորդը, ով օրական 12-14 ժամ ղեկին է, հնարավոր է, որ ինչ-ինչ ոչ էական խախտումներ անի: Դրանց համար գանձվող տուգանքները, սակայն, ամսվա ընթացքում գումարվելով՝ կազմում են վարորդի աշխատավարձի մի զգալի մասը:

Վարորդի խոսքով, խախտումներն անխուսափելի են հատկապես՝ հաշվի առնելով երեւանյան անկանոն երթեւեկությունը: Արամ Գևորգյանը մատնացույց արեց հենց նախագահի նստավայրի առջև կայանման կանոնները խախտած մեքենաները` նշելով, որ հաճախ հենց այդպես է խոչընդոտվում երթևեկությունը. - «Փաստացի կանգնած է նախագահականի դիմաց, պարզ երևում է, որ ինքը կանգնած է սխալ տեղում, կողքն էլ կանգնած են տեսուչները և ոչ մի ուշադրություն չեն դարձնում դրան: Այս մեքենաները խանգարում են քաղաքային տրանսպորտի մուտքը կանգառ»:

Մեկ այլ վարորդ մեզ հետ զրույցում ասաց, որ տուգանքներն, անշուշտ, հարկավոր են, սակայն դրանք չպետք է այդչափ էականորեն անդրադառնան աշխատավարձի վրա:

Քաղաքում շրջելիս նկատեցինք, որ այն հատվածներում, որտեղ չկան տեսախցիկներ, մեքենաները կայանված էին առանց կանոնները պահպանելու: Բացի այդ, վարորդի խոսքով, կանգառները քաղաքում սխալ են տեղակայված․ դրանք չպետք է լինեն խաչմերուկներին մոտ, քանի որ այդպիսով խցանում են առաջացնում:

«Ոստիկանին էլ որ ասում ես սխալ տեղում չէ՞ կանգառը, ասում ՝ ե՞ս եմ դրել: Մեկը կանգառներն է դնում, մեկը գծերն է գծում, մյուսը փողերն է հավաքում․ բոլորն իրարից անտեղյակ»,- ասաց զրուցակիցս:

Վարորդները նաեւ նշում են, որ հաճախ իրենց վերագրվող խախտումները, մեղմ ասած, վիճահարույց են: Սակայն ժամանակ եւ նյարդեր խանյելու համար նրանք չեն դիմում դատարան:

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Աքիլես» հասարակական կազմակերպության ղեկավար Էդուարդ Հովհաննիսյանին դիմած մի վարորդ, այնուամենայնիվ, դատարան դիմել է՝ չհամաձայնելով իրեն վերագրվող խախտման հետ:

«Վարորդին վերագրել են խախտում, թե իբր նա խաչմերուկում կայանել է մեքենան, բայց լուսանկարի վրա պարզ երեւում է, որ նա խաչմերուկից մոտավորապես 30մ հեռավորության վրա է կանգնած», - նշեց Էդուարդ Հովհաննիսյանը:

Կազմակերպության նախագահը նշեց, որ ամսական այսպիսի բազմաթիվ բողոքներ են ստանում: Թերևս կարգավորվել է միայն մեկ հարց, այն էլ՝ դեռ բանավոր․ երբ տաքսու վարորդը կանգնեցնում է մեքենան ուղևորին իջեցնելու համար, նրան չեն տուգանի, քանի որ նա չի կարող այնքան հեռանալ պատվիրատուի ցանկացած վայրից, մինչև մեքենան օրենքով կայանելու հնարավորություն ունենա: