Վիրավորված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Երեկվանից Տավուշի մարզի Վազաշեն-Պառավաքար հատվածը մոտ 18 կմ երկարությամբ փակ է։ Այստեղ հսկողություն են իրականացնում ռազմական ոստիկանության աշխատակիցները։

Հոկտեմբերի 22-ին հակառակորդի արձակած գնդակներից վիրավորված երեք ժամկետային զինծառայողները առաջին բուժօգնությունը ստացել էին Իջևանի բժշկական կենտրոնում, այնուհետև տեղափոխվել էին զինվորական հոսպիտալ։
Իջևանում բժշկական կենտրոնի վիրաբույժ Հռիփսիմե Ղալումյանը «Ազատությանը» փոխանցեց, որ զինվորականներից որևէ մեկին վտանգ չի սպառնում։

«Երկուսի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի հրազենային վիրավորում, մեկի մոտ՝ ականջախեցու հրազենային վիրավորում։ Զինվորների կյանքին վտանգ չի սպառնում»,- փոխանցեց բժիշը։

Հիշեցնենք՝ Բերդ-Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ էր բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա, կրակահերթից տուժել էին ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք։ Զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել էր 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Պողոսյանը։

Դեպքը տեղի էր ունեցել Վազաշեն գյուղից մի քանի կիլոմետր հեռավորության վրա։ Կրակոցների ձայնը գյուղացիները պարզ լսել են։ Ասում են՝ կրակոցների ձայներ հաճախ են լսում, դա իրենց համար սովորական երևույթ է դարձել։ Երեկվանն էլ գյուղացիներից շատերն ընդունել են որպես հերթական կրակոցներ

«90 թվից մինչ էսօր մենք կրակոցների մեջ ենք, ուղղակի մենք վախում ենք մեր երեխաների համար»,- ասում էր Վազաշենցի մի կին։

Հակառակորդը ակտիվացել է հատկապես վերջին շաբաթվա ընթացքում։ Գյուղի բնակիչներից մեկի խոսքով՝ անգամ կրակել են բնակելի տների վրա։

Դեռ հայտնի չէ, թե երբ կբացվի Վազաշեն-Պառավաքար ճանապարհը։ Գյուղացիները մտահոգված են. բացի այն, որ իրենց հեկտարներով հողատարածքները չեն կարողանում մշակել, քանի որ դրանք հակառակորդի վերահսկողության տակ են, ճանապարհի փակումն էլ իր հերթին է խոչընդոտում գյուղացիների աշխատանքը։ Վազաշենի մոտ մի փոքրիկ տարածքում միշտ առևտուր են արել Բերդի բնակիչները, մինչդեռ այսօր փաստորեն դա էլ չեն կարող անել։

Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը փոխանցում է, որ ներկայումս Տավուշում իրավիճակը հանգիստ է, ՀՀ ԶՈւ-ն վերահսկում է իրավիճակը, իսկ ճանապարհը փակ է, քանի որ անվտանգության ապահովման աշխատանքներ են ընթանում: