ՀԱՕԿ-ը ընդգծում է իր կողմից ֆեդերացիայի ճանաչման անհրաժեշտությունը

ՀԱՕԿ նախագահ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյան

«Հաշվի առնելով վերջին օրերին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի և ազգային մարզական ֆեդերացիաների «հավասարազորության» վերաբերյալ եղած հայտարարությունները, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ի գիտություն բոլորի տեղեկացնում է, որ առաջնորդվելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթներով, շարունակում է համադասել մարզական հասարակական կազմակերպությունների աշխատանքը, այդ թվում նաև ֆեդերացիաների», - ասված է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) այսօր տարածած հայտարարությունում:

«Ավելին, համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեի խարտիայի 29-րդ հոդվածի, ՀԱՕԿ-ը հանդիսանում է միակ ազգային կազմակերպությունը, որի ճանաչումից հետո միայն հասարակական կազմակերպությունը կարող է հանդիսանալ մարզաձևի ազգային ֆեդերացիա և ներկայացված լինել միջազգային կառույցներում: Նույնիսկ եթե հասարակական կազմակերպությունը ճանաչվել է այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիայի կողմից, որևէ խախտման դեպքում, համաձայն Խարտիայի և ՀԱՕԿ-ի կանոնադրության, ՀԱՕԿ-ը իրավունք ունի հետ կանչել ֆեդերացիայի ճանաչումը», - հայտարարում է ՀԱՕԿ-ը և «հետայսու շահարկումներից զերծ մնալու համար» խնդրում ընդունել ի գիտություն, որ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն նաև հանդիսանում է մարզաձևերի ազգային ֆեդերացիաների իրավաբանական անձանց միությունը և համակարգում է նրանց գործունեությունը»:

Այս օրերին հայաստանյան մամուլը գրում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին, որի պատճառը, ըստ հրապարակումների, Բաղդասարյանի՝ առանց Ծառուկյանի համաձայնության Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ դառնալն է: