Հակոբյանի որոշումը «Ժառանգություն» կուսակցությունում չէր քննարկվել

«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյան, արխիվ

«Խմբակցության ներսի խնդիր է ընդամենը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց կուսակցության փոխնախագահը:
«Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու Ռուբիկ Հակոբյանի որոշումը «Ժառանգություն» կուսակցությունում չի քննարկվել, կուսակցության վարչության քննարկման նյութ չի հանդիսացել: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

«Եվ սա բացառապես պարոն Հակոբյանի անձնական որոշումն է՝ ինքը այդպես է ցանկացել, մենք էլ նմանատիպ դեպքերում հարգում ենք», - ասաց Մարտիրոսյանը՝ շարունակելով․ - «Տեղի է ունեցել նաև խմբակցության նիստ, որին ես որպես հրավիրված անձ [Արմեն Մարտիրոսյանը Ազգային ժողովի պատգամավոր չէ] մասնակցել եմ, պարոն Հակոբյանի կողմից և պարոն Թևան Պողոսյանի կողմից առաջարկվել է Զարուհի Փոստանջյանի թեկնածությունը որպես խմբակցության ղեկավար, միաձայն ընտրվել է»:

«Ժառանգության» փոխնախագահը նշեց, որ խմբակցության նիստին «խորհրդակցական ձևաչափով» մասնակցել է նաև «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը, ով ֆորմալ առումով է մնացել խմբակցության կազմում:

«Այնպես որ, կարծեք թե ամեն ինչ նորմալ է, կուսակցության հետ կապված որևէ խնդիր չկա, որովհետև սա կուսակցության հետ անմիջական առնչություն ունեցող խնդիր չէր, այլ խմբակցության ներսում ընդամենը ղեկավարի պաշտոնից անձնական որոշմամբ պարոն Հակոբյանի դուրս գալն էր և ոչ ավելին», - ասաց Մարտիրոսյանը:

Նա չհերքեց, որ ինքն էլ էր անակնկալի եկել Հակոբյանի հրաժարականից, սակայն հավելեց, որ այդ որոշմանը նախապես տեղյակ է եղել կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

Թե որն է խնդիրը, որի պատճառով Ռուբիկ Հակոբյանը հրաժարական տվեց, այդ կապակցությամբ Արմեն Մարտիրոսյանը ասաց․ - «Անձնական որոշում է, իսկ ես կարծում եմ, որ անձնական որոշումները պետք է հարգել: Առավել ևս՝ պարոն Հակոբյանը ասել է լրագրողներին, որ ինքը չի ցանկանում մեկնաբանել այդ որոշումը»:

Հարցին՝ տեղյա՞կ է արդյոք այդ որոշման պատճառներին, «Ժառանգության» փոխնախագահը արձագանքեց․ - «Պատճառ, ըստ էության, չկա: Եթե կուսակցական խնդիր լիներ, բնականաբար, ես անպայման տեղյակ կլինեի, բացառվում է, որ ես տեղյակ չլինեի, եթե սա կուսակցության հետ կապված խնդիր լիներ: Բայց խնդիրը դա չէ՝ խմբակցության ներսի խնդիր է ընդամենը, որը վերաբերում է նրան, որ պարոն Հակոբյանը այդպես է որոշել: Խնդիր չեմ տեսնում»: